Համավարակը մաքրեց տուրիզմի ոլորտը ոչ պրոֆեսիոնալներից․ Լիզա Գասպարյան
Կորոնավիրուսի համավարակի արդյունքում զբոսաշրջության և հյուրանոցային ճյուղերի կոլապսը աշխարհի բոլոր երկրների տնտեսություններում ամենատուժածն է եկամուտների կորստի և գործազրկության թվաքանակի ահռելի մեծ ծավալի առումով: Դրա արդյունքում այս ոլորտի վերականգնողական աշխատանքները կառավարությունների կողմից օժանդակության փաթեթեների են արժանանում առաջնահերթ կարգով: Հայաստանում վերոհիշյալ ոլորտների խնդիրների և վերլուծությունների մասին Freenews-ի լրագրողը զրուցել է Գյումրիում գործող ‹‹ՄարՄար›› զբոսաշրջային ընկերության մարքեթինգային տնօրեն Լիզա Գասպարյանի հետ։ Նա իր խոսքում ներկայացրել է ոլորտում առկա խնդիրներն ու դրական կողմերը։
Համավարակի ժամանակահատվածում Հայաստանում տուրիզմը լուրջ վնասներ կրեց, կա՞ հնարավություն նորից վերադառնալու նախկին ակտիվությանը։
Այո՛, հնարավոր է վերականգնել։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Շիրակի մարզում զբոսաշրջության բավականին լուրջ հոսքեր կային և այդ հոսքերից տնտեսական ակտիվություն և աշխուժություն էր նկատվում, իսկ Գյումրիում կյանքը սկսել էր բավականին աշխուժանալ, նոր հյուրատներ, հյուրանոցներ, սպասարկման օբյեկտներ բացվեցին, նոր տուրիստական ծառայություններ առաջարկող ընկերություններ ստեղծվեցին, և բիզնեսի այս ճյուղը սկսեց ակտիվանալ։ Այս համավարակի համատեքստում, բոլոր կազմակերպությունները հայտնվեցին ծանր դրության մեջ։ Ես հումորով եմ վերաբերվում այս ամենին և հույս հայտնում, որ այս համավարակը ամբողջ աշխարհում է, և բոլորն են նույն իրավիճակում։ Սա համընդհանուր խնդիր է։ Մենք պետք է նաև վերլուծություններ անենք, համավարակի թողած հետևանքների վերաբերյալ, քանի որ այս ամենը անցողիկ է, իսկ տուրիզմը մնայուն։ Պետք է հասկանալ թե ժամանակին ի՞ նչ բացթողումներ կային, ի՞նչ սխալներ, որոլտի ակտիվ աշխատանքի ժամանակ անցյալի սխալներն այլևս չկրկնելու համար։
Համավարակի այս ժամանակահատվածը արդյո՞ ք ճիշտ պահը չէ, ներքին տուրիզմը զարգացնելու համար
Այո՛, ճիշտ նկատեցիք, շատ լավ ժամանակահատված է, եթե անցնող տարիների ընթացքում մարդիկ գերադասում էին դուրս գալ երկրից և հանգիստը կազմակերպել Վրաստանում կամ Եվրոպական երկրներում, հիմա մարդկանց տուրիստական տեղաշարժը կարելի է կազմակերպել մարզերում։ Անգամ արտասահմանյան երկրների դեմ կատարվում էին հակագովազդներ, որ մարդիկ խուսափեին այդ երկրներ մեկնելուց, հիմա սահմանները փակ են կարելի է լիարժեք կազմակերպել։
Համավարակի պայմաններում ներգնա տուրիզմը ճիշտ կազմակերպելու դեպքում, մյուս տարիների համար արդյոք չե՞ ն ստեղծվի ավելի նպաստավոր պայմաններ
Սա շատ լավ առիթ է, խելացի կազմակերպելու համար, քանի որ այս պահին մարդիկ այլ տարբերակ չունեն հանգստի մեկնելու, փակ են թե՛ ցամաքային, թե՛ օդային սահմանները, ստիպված են նույն գումարները ծախսել երկրի ներսում, և ինչու ոչ, բացահայտելու նաև իրենց համար Հայաստանը։ Այստեղ շատ կարևոր է ոլորտի մասնագետների վերաբերմունքը, պետք է ավելացվի նոր ծառայություններ, նոր մոտեցումներ, մարդկանց գրավելու համար։ Այս լավ ժամանակահատվածը պետք է օգտագործենք ի նպաստ մեր ոլորտի զարգացման, ուսումնասիրենք մարդկանց պահանջները, ցանկությունները, ճաշակը, ի՞նչ են սիրում, ի՞նչ են նախընտրում և այլն։ Եթե այս ամենը արվի ճիշտ և գրագետ վստահ եմ ոլորտը կդառնա ինքնաբավ։ Այստեղ մտահոգիչ մի փոքր հանգամանք էլ կա, մարդիկ նախկինում վճարունակ էին, իսկ հիմա հնարավոր է շատերը չունենան այդ հնարավությունը։
Այս տարվա ընթացքում շատ տուրիստական կազմակերպություններ փակվեցին, կամ ժամանակավորապես դադարեցրեցին իրենց աշխատանքները, ի՞նչ եք կարծում ոլորտը ինքնամաքրվում է
Այո՛, եղան շատ կազմակերպություններ, որոնք դադարեցրին իրենց գործունեությունը, եղան ընկերություններ, որոնք մինչ այժմ էլ դեռ պահում են իրենց ստեղծած աշխատատեղերը խնայողությունների հաշվին, և սա բերեց տնտեսական ևս մեկ կոլապսի։
Ոլորտը գնաց ինքնամաքրման, քանի որ նման ծառայություններ ուրիշ ընկերություններ էին սկսել մատուցել, առանց մարքեթինգային ուումնասիրության, առանց ռիսկերի գնահատման և այլն, համավարակը մաքրեց ոլորտը։ Մնացին հիմնականում նրանք, ովքեր ունեին լուրջ պոտենցիալ թե՛ ֆինանսական թե՛ մարդկային առումով։ Տուրիզմի ոլորտը միայն մարդկանց խումբ բերել և գեղեցիկ վայրեր ցույց տալը չէ, այն իրենից մեծ աշխատնք և տնտեսագիտկան վերլուծություններ պահանջող օրգանիզմ է, սխալվել չի կարելի։
Կարծիքներ