Խորհրդարանը քննարկեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանը քննարկեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է փոփոխել «պաշտոնատար անձ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց, ինչպես նաև ընդլայնել ուսումնասիրություն սկսելու հիմքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը:

«Նախագծով առաջարկվում է փոփոխել պաշտոնատար անձ հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Ներկայումս պաշտոնատար անձինք օրենքի իմաստով հանդիսանում են միայն հանրային ծառայության իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձինք: Առաջարկվում է իրավասու մարմնի համար նախատեսել նոր լիազորություն խիստ սահմանափակ դեպքերում, մասնավորապես այն դեպքերում, երբ իրավասու մարմնի վարույթում առկա կլինի ուսումնասիրություն՝ սեփական նախաձեռնությամբ նախաձեռնել նոր ուսումնասիրություն, որը կվերաբերի միայն պաշտոնատար անձին կամ նրան փոխկապակցված անձին»,-ասաց Գալյանը:

Այսպիսով՝ իրավասու մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն սկսել, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:

Նախագծով առաջարկվում է ընդլայնել ուսումնասիրության ժամկետը  և 2 տարվա փոխարեն նախատեսել 3 տարի՝ որպես հնարավորություն իրավասու մարմնի համար, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով կատարել բոլոր ուսումնասիրությունները և իրականացնել արդյունավետ քննություն:

«Ներկայում իրավասու մարմնի համար նախատեսված է հնարավորություն. որոշ դեպքերում, երբ օրինակ գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ գույքը հնարավոր չէ նույնականացնել կամ առանձնացել, իրավասու մարմինը կարողանա պահանջել այդ գույքի շուկայական արժեքը: Առաջարկով նախատեսվում է հնարավորություն իրավասու մարմնի համար՝ պահանջելու շուկայական արժեքի փոխարեն գույքի ձեռքբերման արժեքը, բայց միայն այն դեպքում, երբ այդ գույքի շուկայական արժեքի պարզումն ուսումնասիրության ընթացքում կլինի անհնար»,-ասաց Գալյանը՝ հավելելով, որ անհնարինության փաստը պետք է հաստատվի միայն փորձագետի համապատասխան եզրակացությամբ:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում