Չորրորդ աստիճանի վթարային շենքերը չեն կարող ծառայել որպես բնակելի կառույցներ, կիրականացվի վերաբնակեցման նախագիծ․ Ավինյան

Չորրորդ աստիճանի վթարային շենքերը չեն կարող ծառայել որպես բնակելի կառույցներ, կիրականացվի վերաբնակեցման նախագիծ․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր աշխատանքային առաջին այցով եղել է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող չորրորդ աստիճանի վթարային շենքերում։

Ֆեյսբուքյան իր էջում Ավինյանը գրել է․

«Ապահով և անվտանգ բնակարաններում ապրելը մեր բոլորի իրավունքն է, իսկ դրա ապահովումը մեր հանձնառությունն է: Աջափնյակ վարչական շրջանում գտնվող չորրորդ աստիճանի վթարային շենքերում ապրելը ապահով և անվտանգ չէ. նմանօրինակ շենքերը չեն կարող ծառայել որպես բնակելի կառույցներ:

Ուստի՝ բնակիչների, քաղաքապետարանի և կառուցապատողի միասնական ջանքերի շնորհիվ իրականացվելու է վերաբնակեցման նախագիծ:

Շրջայցի ընթացքում ծանոթացանք վթարային շենքերի բնակարանային վիճակին և բնակիչների հետ քննարկեցինք հնարավոր լուծումների շրջանակը: Նմանատիպ այցերն ու բնակիչների հետ զրույցները շարունակական բնույթ են ունենալու:

Ապահովության և անվտանգության բաղադրիչ է նաև ապաստարանների անխափան շահագործումը: Ուզում եմ տեղեկացնել, որ ապաստարանների մաքրման աշխատանքները սկսված են և մոտակա ժամանակներում կհացվեն ավարտին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում