Հոլանդի ,,Շառլատանը,, վերջապես ճեղքեց համավարակի պատը. լուսանկարներ
Դեռեւս մարտ ամսին Պրահայում նախատեսված Ագնեշկա Հոլանդի ,,Շառլատան,, ֆիլմի պրեմիերան վերջապես տեղի ունեցավ մայրաքաղաքի Լյուցեռնա կինոթատրոնում, բայց նախապես այն ցուցադրվեց նաեւ մամուլի ներկայացուցիչներին։ Ֆիլմը միայն հասցրել էր անցնել համաշխարհային պրեմիերան Բեռլինում՝ Բերլինալե միջազգային կինոփառատոնում եւ արժանացել քննադատների ուշադրությանը, անգամ ընդգրկվել Եվրոպական կինոակադեմիայի այս տարվա մրցանակի հավակնորդների վերջնացուցակում։ Մի բան շատերին զարմացրեց, որ երբեւէ մամուլի համար ցուցադրություններին այդքան մեծ թվով լրագրողներ չեն եղել, ինչպես ,,Շառլատանի,, ցուցադրությանը։ Ըստ երեւույթին հեռուստատեսային ու մամուլի գովազդները իրենց դերը խաղացել էին։
Վերջապես, հրեական արմատներով լեհ կինոռեժիսորի ֆիլմն արժանացավ չեխ հանդիսատեսի ու կինոքննադատների ուշադրությանը։ Մոտ երկու ժամ տեւող կենսագրական դրաման Չեխ-սլովակյան-լեհ-իռլանդական համատեղ արտադրություն է։ Ամեն դեպքում, ի տարբերություն նախորդ ֆիլմերի, Հոլանդն այստեղ էլ թեեւ վերցրել էր իրական մի պատմություն, սակայն ավելի շատ տուրք էր տվել նորաձեւ այնպիսի թեմաների, ինչպիսին համասեռամոլությունն է կամ կոմունիստական ռեժիմի դեմ պայքարը։ Այս երկու թեման էլ այսօր շատ արդիական են Լեհաստանում, հատկապես, վերջին նախագահական ընտրություններից հետո։
Ֆիլմի գլխավոր հերոսը հեքիմ Յան Միկոլաշեկն է, ով իրոք ապրել ու աշխատել է 20-րդ դարում, տեսել է ե՛ւ Չեխոսլովակյան անկախ պետությունը, ե՛ւ ֆաշիստական օկուպացիան, ե՛ւ կոմունիստական վարչակարգի ռեպրեսիաները։ Յան Միկոլաշեկը բժշկական կրթություն չի ստացել, բայց մարդկանց մեզի միջոցով որոշել է, թե ինչ հիվանդ են, եւ ինչպիսի դեղաբույսերով է պետք բժշկել նրանց։ Դա բարու ու չարի , սիրո եւ ատելության, հավատի եւ դավաճանության մասին մի պատմություն է, որտեղ ինչպես ցույց է տալիս պատմությունը, հաղթում է համակարգը։
Ինչպես նշեց սցենարի հեղինակ Մարեկ Էպշտեյնը, ինքը մեծ տեղ է տվել պատմական հենքին, սակայն բավականին երկար աշխատել է Միկոլաշեկի կեպարի վրա, որն ի դեպ փայլուն էր մարմնավորել չեխական կինոյի ու թատրոնի ճանաչված դերասան Իվան Տրոյանը։ Իսկ նրա որդին՝ Յոզեֆ Տրոյանը մարմանավորում էր երիտասարդ տարիների Միկոլաշեկին։
Ագնեշկա Հոլանդը այս առումով հիշեց լեհ աշխարհահռչակ կինոբեմադրիչ Անջեյ Վայդային։ ,,Նա ասում էր , թե ամեն մի ռեժիսոր պետք է բախտ ունենա, որ նկահանման պահին իր ուզած եղանակը լինի։ Ես կասեի, որ նաեւ պետք է բախտ ունենալ, որ քո հերոսի որդին, նույնպես դերասան լինի,, շարունակեց Հոլանդը։ Ի , Ի վան Տրոյանի ասելով ,ինքը չի էլ իմացել, որ որդին դիմել է այդ ֆիլմում նկարհանվելու համար։ Միայն ընտրության փուլն անցնելուց հետո է իմացել այդ մասին։ Ֆիլմի հաջորդ գլխավոր հերոսը, Միկոլաշեկի օգնականն էր՝ սլովակ դերասան Յուրայ Լոյը, ով ֆիլմում սիրային կապի մեջ է իր ղեկավարի հետ։ Պատասխանելով բաց տեսարանների մասին հարցին, Յուրայը նշեց, որ թե՛ ինքը, թե՛ Իվանը խնդրին մոտեցել են իբրեւ ընկերներ եւ պրոֆեսիոնալներ։ Տրոյանի ասելով, նույնիսկ նկարահանաման ժամանակ շատ հարցերի պատասխանը փորձել է ստանալ, բայց այդպես էլ չի ստացել։ Դեպք է եղել, երբ չի կարողացել կենտրոնանալ եւ միեւնույն տեսարանը 28 անգամ նկարահանել են։
Ագնեշկա Հոլանդի կարծիքով, ֆիլմը ոչ թե քաղաքականության մասին է, այլ մարդկային ազատության, ընտրելու ազատ իրավունքի մասին։
Արդեն իսկ 25 երկրներ այս ֆիլմը գնել են կինոթատրոններում ցուցադրության համար, իսկ Չեխիայում եւ Սլովակիայում արդեն ցուցադրվում է։
Կարծիքներ