Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ ԿԳՄՍՆ ուղեցույց

Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ ԿԳՄՍՆ ուղեցույց

ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման մասին ուղեցույց է հրապարակել, որում ներկայացված են սովորողի համար կանոններ։ Ըստ այդ կանոնների՝

Բացառվում է սովորողի հաճախումը դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝

ա. սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը, մասնավորապես՝

_արյան բարձր ճնշում

_շաքարային դիաբետ

_սրտի հիվանդություն

_սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ)

_քրոնիկ շնչառական հիվանդություն

_քաղցկեղ:

բ. տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ:

գ. տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից:

Այն սովորողների համար, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը, ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Հեռավար եղանակով ուսուցումը կազմակերպվում է կենտրոնացված՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20 մայիսի 2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում հեռավար կամ տնային ուսուցումը կարող է կազմակերպվել անմիջապես դպրոցի կողմից:

Դպրոցը մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոն է ներկայացնում այն սովորողների տվյալները, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը։

Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում և 37 կամ ավելի բարձր ջերմաստիճան ջերմություն ունենալու դեպքում դիմում երեխայի հաշվառման բժշկական կազմակերպություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին:

Սովորողը դպրոց է գալիս մեկանգամյա կամ բազմակի օգտագործման դիմակով: Մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ տրամադրում է մեկանգամյա օգտագործման դիմակ:

Սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

Սովորողի բացակայության դեպքում դասղեկը այդ մասին տեղյակ է պահում դպրոցի բուժքրոջը կամ տնօրենին, ով իր հերթին տեղեկացնում է տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությանը:

Սովորողները ընդունում են իրավիճակով պայմանավորված փոփոխությունները, նոր պահանջները և պատշաճ կերպով հետևում դրանց:

Սովորողները աջակցում են հիվանդությունը հաղթահարած և դպրոց վերադարձած ընկերներին:

Դպրոցում գտնվելու ընթացքում վարակի համախտանիշների առկայության դեպքում սովորողները տեղեկացնում են ուսուցչին կամ ծնողներին:

Սովորողները հետևում են համավարակին վերաբերող հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությանը:

Սովորողները անձնական օգտագործման իրերով, գրենական պիտույքներով՝ չեն կիսվում դասընկերների հետ:

Ծնողները ամրապնդում են երեխաների ձեռք բերած նոր հիգիենիկ վարքագիծը տանը գտնվելու ընթացքում:

Ծնողներն իրականացնում են ծնող-ուսուցիչ համակարգված հաղորդակցություն և աջակցում առողջ և ապահով դպրոցի պահպանմանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում