Ադրբեջանը ՀՕՊ համակարգ է գնել, որի համար վճարել է 1 միլիարդ դոլարից ավելի, աղմուկով փորձում է քողարկել սա. Մհեր Հակոբյան

Ադրբեջանը ՀՕՊ համակարգ է գնել, որի համար վճարել է 1 միլիարդ դոլարից ավելի, աղմուկով փորձում է քողարկել սա. Մհեր Հակոբյան

«Ադրբեջանական կողմը 2020 թվականի ողբերգական պատերազմից հետո համարում է, որ մենք վերջնական պարտված վիճակում ենք, և, ըստ նրանց տրամաբանության, եթե կողմերից մեկը պարտվել է, ապա իրավիճակը պետք է լինի այնպիսին, ինչպիսին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում էր, երբ հաղթող կողմը խստորեն սահմանափակեց Գերմանիայի պաշտպանական, ռազմական հնարավորությունները, և այսպես շարունակ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի բարձրացրած աղմուկին՝ կապված Հայաստանի սպառազինության համալրման հետ:

Հակոբյանը նկատում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից այդ ամենը, իհարկե, չի բխում, բայց ադրբեջանական կողմը փորձում է ամեն ինչ դրա ներքո ներկայացնել՝ չունենալով ոչ մի իրավական հիմք. «Այսինքն՝ կարծես մենք ինչ-որ բան ենք խախտում, այն դեպքում, երբ մեր երկրի ղեկավարությունը բազմիցս տարբեր խողովակներով ասել է, որ որևէ չզինվելու պարտավորություն ՀՀ-ն չունի: Ավելին՝ այն սպառնալիքների պարագայում, որ հնչում են Բաքվից, զինվելը ոչ միայն մեր իրավունքն է, այլ բարոյական իրավունքը»:

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբանի խոսքով՝ Ադրբեջանը, այս հիստերիան բարձրացնելով, և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական խնդիր է լուծում:

 

«Ներքաղաքականը, որ, ճիշտ է, մենք պարտություն ենք կրել, Արցախ ենք կորցրել, բայց ուզում են վերջնական տպավորություն ստեղծել, թե Հայաստանը կոտրված, ջախջախված, ծնկի եկած վիճակում է, և այդ ամենի ֆոնին, երբ ինֆորմացիա է գալիս, որ ՀՀ-ն զենք է առնում, կարծես իրենց հասարակության մեջ տարածած իդեալական պատկերը խախտվում է: Արտաքին քաղաքական մակարդակում այդ պահվածքի «անբարոյականությունը» այն է, որ Ադրբեջանը այս օրերին Իսրայելից «Բարակ» տիպի հակաօդային պաշտպանության համակարգ է առնում, որի համար վճարել է 1 միլիարդ 200 միլիոն դոլար: Իրենք հենց այս օրերին հսկայական չափի գնում են անում, որը ոչ մի կերպ չես համեմատի 20 զրահամեքենայի հետ թե՛ գնով, թե՛ ծավալով, թե՛ ռազմական քաղաքական հետևանքներով»,- ասում է Հակոբյանը՝ հավելելով. «Այս աղմուկով կարծես իրենց գնումներն էլ են ուզում քողարկել և ասել՝ ա՛յ, տեսեք, մենք ի պատասխան ենք զինվում: Սա որևէ բացատրություն չունեցող անտրամաբանական և անբարոյական աղմուկ է»:

Խոսելով Ադրբեջանի վախերի մասին՝ զրուցակիցն ասում է՝ սարսափում է, որ Հայաստանը կարող է մի օր ոտքի կանգնել, և իրենք չեն կարողանա ՀՀ-ի հետ խոսել այն տոնայնությամբ, որ հիմա են խոսում. «Այսինքն՝ հաղթողի, թելադրողի. էս ինչ թուղթը ստորագրիր, կամ էս ինչ բանն արա, թե չէ կգա ռազմական հարված: Այսինքն՝ էդ առավելության վիճակին, որին հասան մեր նկատմամբ, չեն ուզում հրաժեշտ տալ»:

Անդրադառնալով Հայաստանի ձեռք բերած սպառազինությանը՝ Մհեր Հակոբյանն այն դրական է գնահատում:

«Մեզ ավելի լուրջ միջոցներ են պետք: Հնդկաստանից հրետանային միջոցներ են գալիս, որն ինքնին վատ չէ: Ի վերջո, մեր շուկան ավանդական ռուսականն էր, որն այս պահին գործնականում գոյություն չունի: Ես լուրջ կասկածում եմ, որ 2024 թվականին այդ շուկան ոտքի կկանգնի, և ՌԴ-ն կսկսի զրահամեքենա արտահանել, ռուսները, մեկ է, մեզ հրետանի չեն տալու, և լավ է, որ հրետանային միջոցներ ենք ձեռք բերում: Ուկրաինական պատերազմի պայմաններում տեսնում ենք, թե ինչ արկերի գերծախս է գնում հրետանային միջոցների համար: Հիմա, եթե մենք պետք է 10 հրանոթ բերենք 10 արկով, ավելի լավ է՝ չբերենք, իսկ եթե 10 հրանոթ՝ 1000-ից ավել արկ, արդեն լավ է: Այս միջոցները պետք է նաև ինտեգրվեն մեր համակարգին»,- նշում է նա:

Միևնույն ժամանակ ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբանն ասում է, որ խիստ լավատես չէ այն առումով, որ խաղաղության շուրջ որևէ պայմանագիր կստորագրվի:

«Իմ կարծիքով՝ ոչինչ էլ չի ստորագրվի, որովհետև Ադրբեջանը չի ուզում իր այդ դոմինանտ դերը ստորագրությամբ ավարտել, քանի որ դրանից հետո հաստատ այլևս այդ դոմինանտությունը չի ունենալու: Ամեն ինչ կանի, որ ձգձգի պրոցեսը, և մենք դա հիմա տեսնում ենք: Երկրորդը՝ այդ ստորագրման պարագայում անգամ չի լինելու խաղաղություն: Եթե ցանկություն կա պատերազմ սկսելու, հնարավորություն միշտ կլինի: Ինչ ուզում ես ստորագրիր, Ալիևը ցանկություն ունեցավ Սյունիքին հարվածել՝ մի պրովոկացիա կանի, այսինքն՝ պետք է ուժեղ լինես և այդ ուժերի բալանսի հաշվին պահես խաղաղությունը, ոչ թե թղթի»,- կարծում է Հակոբյանը:

Հարցին՝ իսկ Ադրբեջանը ինչո՞ւ է հրաժարվում արևմտյան հարթակներից, ի՞նչ վախեր ունի, զրուցակիցը պատասխանում է. «Արևմտյան հարթակներում Ալիևն իրեն ավանդականորեն օտար է զգում: Նրա համար ավելի հարմար է պաշտոնական Մոսկվայի հետ անդրկուլիսյան պայմանավորվածություններ ձեռք բերել, պայմանական՝ «Պուտին, ես քո գազը կվերցնեմ կվաճառեմ Եվրոպա, դու էլ այս մի հարցի վերաբերյալ աչք փակիր»: Եվ հետո, Արևմուտքը Հայաստանին ավելի է աջակցում, քան ՌԴ-ն, և Ալիևը գիտի, որ այնտեղ շատ բան չի ստանա: Երրորդ՝ Արևմուտքը արագորեն մոտեցնում է խաղաղության պայմանագրի կնքումը, որովհետև ուզում է Հարավային Կովկասում կարգավորողի կարգավիճակը ՌԴ-ից վերցնել: Ալիևը գիտի, որ այս պայմաններում շատ հարցերում գուցե իր համար ավելի դժվար լինի: Սրան հակառակ՝ Մոսկվան ունի հակասություն Երևանի հետ, չի ուզում՝ կոնֆլիկտը լուծվի, Ալիևն էլ չի ուզում, այն դեպքում, երբ Արևմուտքում աջակցում են Հայաստանին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում