Ավստրալիայում վերջին 10 տարում կոալաների բնակավայր հանդիսացող 25 հազար հեկտար անտառ է հատվել
Ավստրալիայի իշխանությունները վերջին 10 տարում հիմնականում հանքարդյունաբերության համար թույլատրել են 25 հազար հեկտար էվկալիպտի անտառ հատել, որոնք որպես բնակավայր էին ծառայում կոալաների համար: Երեքշաբթի նման հայտարարություն է արել Ավստրալիայի Վայրի բնության հիմնադրամը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միայն վերջին 10 տարվա ընթացքում Ավստրալիայի դաշնային կառավարությունը «ավելի քան 25.000 հեկտար էվկալիպտի անտառների հատում է հաստատել, որը 2012 թվականից ի վեր խոցելի եւ վտանգված համարվող կոալաների միակ ապրելավայրն է»: «Ավստրալիական պահպանության հիմնադրամի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անտառահատումների ավելի քան 60 տոկոսը ոչնչացվել է հանքարդյունաբերության եւ ածխի, 12 տոկոսը՝ ճանապարհաշինության եւ 11 տոկոսը բնակարանաշինության համար: Բայց այս թվերը սառցաբեկորի գագաթն են, իսկ իրական [հատումների] տարածքը շատ անգամ ավելի մեծ է, քանի որ գյուղատնտեսական նպատակներով հողերի անտառհատումն ամենից հաճախ ընդհանրապես հաշվի չի առնվում»,- ասել են հիմնադրամում՝ նշելով, որ ոչնչացված անտառների իրական տարածքը կարող է երկու անգամ ավելի մեծ լինել, քան հայտարարվել է իշխանությունների կողմից:
Հիմնադրամի բնապահպանների կարծիքով՝ Ավստրալիայում անտառահատումների տարածքնը տարեցտարի ավելանում է, շատ դեպքերում խոսքն էվկալիպտի անտառների մասին է, որոնք կոալաների ապրելավայրեր են։ «Դաշնային կառավարությունը շարունակում է հաստատել անտառհատման նախագծերը, եւ ազգային բնապահպանական օրենսդրությունը չափազանց թույլ է կոալաների բնակավայրերի ոչնչացումը կասեցնելու համար, հատկապես՝ Քվինսլենդում եւ Նոր Հարավային Ուելսում (մայրցամաքի արեւելյան եւ հյուսիս-արեւելյան ափերը»,- նշել է Ավստրալական հիմնադրամի Վայրի բնության պահպանության բաժնի ղեկավար Բաշա Ստասակը:
Ավստրալիայի շրջակա միջավայրի դաշնային դեպարտամենտի տվյալներով՝ Կոալաների բնակչությունը Նոր Հարավային Ուելս եւ Քվինսլենդ նահանգներում վերջին 20 տարում նվազել է համապատասխանաբար 60 եւ 50 տոկոսով: Տեսակն ամենաշատը տուժել է 2019-2020 թվականների անտառային հրդեհների արդյունքում, երբ, ըստ բնապահպանների, մայրցամաքի արեւելյան ափին կոալայի պոպուլյացիան երեք ամսում կրճատվեց առնվազն 25-30 տոկոսով։ 2020 թվականին խորհրդարանական հետաքննությունը պարզել էր, որ կոալաները կվերանան մինչեւ 2050 թվականը, եթե դրանց թիվը վերականգնելու համար հրատապ քայլեր չձեռնարկվեն: 2021 թվականի սեպտեմբերին Ավստրալիայի պահպանության հիմնադրամը հայտնեց, որ մայրցամաքի վայրի բնության մեջ մնացել է ոչ ավելի, քան 80 հազար կոալա, ինչը տեսակը ոչնչացման վտանգի տակ է դնում:
Կարծիքներ