Ալեն Սիմոնյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ողջունելով դեսպանին՝ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանի հրաձգության դեպքին՝ ցավակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին և առողջություն մաղթելով վիրավորներին:
Խոսելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակից՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի շարունակական զարգացումը:
ՌԴ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցավակցական խոսքի համար: Նա բարձր է գնահատել տարածաշրջանային և միջազգային մակարդակներում հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները:
Սերգեյ Կոպիրկինը խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում է համարել տարիներ շարունակ միջխորհրդարանական խմբերի արդյունավետ աշխատանքը: Դիվանագետը հատուկ շեշտել է բազմաբևեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացման կարևորությունը:
Կողմերը քննարկել են նաև առաջիկայում ՀՀ ԱԺ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցեր:
Կարծիքներ