Ղարաբաղի հարցը ոչ մի կապ չունի տարածքային վեճի հետ. ՀՀ վարչապետ

Ղարաբաղի հարցը ոչ մի կապ չունի տարածքային վեճի հետ. ՀՀ վարչապետ

«Իմ հիմնական ուղերձը հետևյալն է. ցավոք, մի «իքս» պահից՝ դա մոտավորապես 2000-ական թվականներն էր, համաշխարհային մամուլում Լեռնային Ղարաբաղի հարցը սկսեցին ներկայացնել որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իրականում, Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ մի կապ չունի տարածքային վեճի հետ: Մինչդեռ դրանից 10, 12 տարի առաջ սկսված Ղարաբաղյան շարժումը համարվում էր այն նախադրյալը, որի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը: Որովհետև Ղարաբաղի շարժումը սկսել է որպես Խորհրդային միության ժողովրդավարացման արտահայտություն»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ ի՞նչ ուղերձ ունի աշխարհին: 

«Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը, որը, ինչպես միշտ, այդ տարածաշրջանի բնակչության 80 տոկոսն էր, Խորհրդային միության ժողովրդավարացման համատեքստում, երբ Միխայիլ Գորբաչովն Խորհրդային միությունում իրականացնում էր ժողովրդավարացում և վերակառուցում, որոշեց իր իրավունքը պաշտպանելու փորձ անել: Իսկ ի՞նչ իրավունք էր խախտվել: 20-րդ դարասկզբին, երբ Խորհրդային միությունն էր ձևավորվում, և Հարավային Կովկասը մտնում էր Խորհրդային միության մեջ, ձևավորվում էին հանրապետություններ, Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի: Եվ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը՝ խորհրդարանը, որոշեց այդ պրոցեսն ուղղելու բացարձակապես խաղաղ գործընթաց սկսել: Ինչին Խորհրդային միությունը և Ադրբեջանն արձագանքեցին ուժով, մասնավորապես՝ Սումգայիթ և Բաքու քաղաքներում հայերի ջարդ կազմակերպելով և հետո նաև Լեռնային Ղարաբաղի անմիջական տարածքում: Որից հետո տեղի ունեցավ Խորհրդային միության փլուզման պրոցեսը, և Ադրբեջանը հայտարարեց անկախություն Խորհրդային միությունից:

Իսկ Խորհրդային միությունում գործող կարգերի համաձայն, եթե որևէ հանրապետություն Խորհրդային միությունից անկախանալու գործընթաց է սկսում, նրա կազմում գտնվող միավորումները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կարող են որոշում կայացնել իրենց սեփական կարգավիճակի վերաբերյալ: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը նույնպես կայացրել է անկախ լինելու որոշում: Եվ, ինչպես Խորհրդային Ադրբեջանն է անկախացել Խորհրդային միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է անկախացել Խորհրդային Ադրբեջանից: Եվ ինչքան Խորհրդային Ադրբեջանն ուներ այդ իրավունքը, այնքան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ուներ այդ իրավունքը:

Եվ, այո, ասում են, որ միջազգային հանրությունն այդ անկախացումը չի ճանաչել: Լեռնային Ղարաբաղի հայության պայքարը հենց այդ իրավունքը ճանաչելու վերաբերյալ է»,- մեկնաբանել է ՀՀ վարչապետը: 

Նրա խոսքով, այսօր, երբ Լեռնային Ղարաբաղը դարձել է, ըստ էության, հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ, այդ իրավունքն ավելի է սրվում:

«Եվ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը: Որովհետև Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ՝ դա նշանակում է էթնիկ զտումներ և Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Ես, ինչքան գիտեմ, Դուք եղել եք Ղարաբաղում և  տեսել եք հրթիռակոծությունները: Հենց դա է այդ հարցի պատասխանը: Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ է հրթիռակոծվում Ստեփանակերտը: Մի պարզ պատճառով, որպեսզի մարդիկ հրաժարվեն այնտեղ ապրելու գաղափարից: Սա էթնիկ զտման, ցեղասպանության մի շատ կարևոր բանաձև է: Եվ մեր հիմնական ուղերձն այն է, որ պետք է տեղի ունենա «անջատում հանուն փրկության»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում