Կենդանիներին պատվաստողների ուսուցման ծրագիրը կօգնի լրացնել մասնագետների պակասը. ուսուցումն է սկսել 2-րդ խումբը
«Կենդանիների պատվաստող» (վակցինատոր) մասնագիտության 5-օրյա ուսուցման ծրագիրը շարունակվում է, տեսական և գործնական դասընթացներին է մասնակցում արդեն երկրորդ խումբը: Դասընթացների ավարտին մասնակիցները քննությունը հաջող հանձնելուց հետո կստանան հավաստագիր՝ գյուղատնտեսական կենդանիներին պատվաստողի որակավորում: Սա կօգնի լրացնել հանրապետությունում մասնագետների պակասը:
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դասընթացների տեսական մասն անցկացնող, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանի խոսքով՝ ներկայում ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում համայնքային անասնաբույժները շատ քիչ են և չեն հասցնում Հայաստանի բոլոր համայնքները սպասարկել, երբեմն մի անասնաբույժը մի քանի համայնք է սպասարկում, ինչից աշխատանքի արդյունավետութունը նվազում է: «Վակցինատորները, այսպես ասած, անասաբույժների օգնականներ են, չունեն բարձրագույն մասնագիտական կրթություն, բայց ունեն տարրական գիտելիքներ՝ պատվաստում, արյունառություն անելու: Վակցինատորներն օգնում են լրացնելու անասնաբույժների բացը, վերահսկելու համաճարակային վիճակը»,-ասում է Մկրտչյանը:
Դասընթացներին հիմնականում մասնակացում են տարբեր համայնքներից անձինք, որոնք չունեն նախնական մասնագիտական կրթություն, կան նաև անձինք, որոնք օրինակ ունեն բարձրագույն կրթություն, սակայն այլ ոլորտում: Նրանց մի մասն արդեն կատարում է գյուղատնտեսական կենդանիների պատվաստողի աշխատանք և ցանկանում է տեսական գիտելիքներով, փորձով խորացնել հմտությունները, մի մասն էլ պարզապես ցանկանում է սովորել, որակավորում ձեռք բերել և աշխատել: Դասընթացների տեսական հատվածի շրջանակում մասնակիցները սովորում են, թե ինչ է վարակը, ինչ է ինֆեկցիան, ինֆեկցիոն պրոցեսը, ինչ տեսակի ախտածին հարուցիչներ կան, ինչպես են դրանք ազդում օրգանիզմի վրա, ինչ է համաճարակը, համաճարակային պրոցեսն ինչպես է զարգանում, ընթանում և ինչպես է պետք կասեցնել այն: «Նրանցից ոմանք այդ աշխատանքը կատարում են, սակայն մեխանիկորեն, շատ անգամ չեն պատկերացնում, թե կոնկրետ ինչ են անում: Հիմա մենք նրանց դա բացատրում ենք տեսական և գործնական եղանակով: Պատվաստումն այնքան էլ հասարակ գործողություն չէ, եթե օրինակ պատվաստողը տեսական գիտելիք չունի, կարող է շատ սխալներ թույլ տալ՝ սխալ չափաբաժնով ներարկել, սխալ եղանակով, սխալ հատվածում և այլն»,-ասում է Մկրտչյանը:
Արարատի մարզի Մասիսի շրջանի Նորամարգ գյուղից 22-ամյա Արտյոմ Քոչարյանն օրինակ մինչև դասընթացներին մասնակցելը իրենց, անգամ հարևանների կենդանիներին սրսկում արել է: «Դեռ վաղ տարիքից զբաղվել եմ գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ, անասնապահությամբ: Տարիների ընթացքում փորձ եմ ձեռք բերել, մեր կենդանիներին, հարևանների կենդանիներին, ըստ անհրաժեշտության, որոշակի սրսկումներ արել եմ, բայց ավելի խորացված բուժում, պատվաստում չեմ կատարել»,-պատմում է Արտյոմը:
Նրան ծրագրի մասին տեղեկացրել է համայնքային անասնաբույժը: «Եղան տեսական և գործնական դասեր: Տեսական մասն իմանալը ևս շատ կարևոր է, փորձ ձեռք բերեցի: Գործնական պարապմունքներին իրականացրել ենք արյունառություն, տուբերկուլինիզացիա»,-ասում է Արտյոմն ու վստահեցնում՝ դասընթացների ընթացքում սովորածը կկիրառի իր համայնքում՝ առաջին հերթին իր տնտեսության, հետո՝ մյուսների տնտեսությունների համար:
Հիշեցնենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջև կնքված եռակողմ պայմանագրի՝ «Կենդանիների պատվաստող» (վակցինատոր) մասնագիտության 5-օրյա ուսուցման ծրագիրը մեկնարկել է փետրվարի 15-ից:
Կարծիքներ