Կարող ենք պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում. Մարուքյան

Կարող ենք պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում. Մարուքյան

 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վստահ է, որ կազմակերպված, հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը կարող է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հարցով պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում:  Մարուքյանն այս մասին ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում:

«Մեկ տարի անց ես որևէ զգացողություն չունեմ, որ դասեր են քաղվել, չենք կարող ասել, որ Հայաստանում առկա հանրային քննարկումները մտել են մի այնպիսի հուն, որտեղ բոլորն անկեղծ են և ասում են, թե ինչու է այս ամենը եղել, չկան այդպիսի քննարկումներ ընդհանրապես: Անկեղծությունն ամբողջությամբ բացակայում է հանրային քաղաքական քննարկումներից»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց՝ հարձակումը տեղի է ունեցել թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրով՝ ամբողջ աշխարհի աչքի առաջ: Ըստ նրա՝ այն սպառնալիքները, որ կան ուղղված Հայաստանի պետականության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության դեմ, չեն վերացել, այսօր էլ կախված են երկրի գլխին:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հնարավոր երկխոսություն սկսելու մասին հարցին՝ Մարուքյանն ասաց. «Կարևոր է, որ հայկական կողմը խոսում է խաղաղությունից: Եվ այդ երկրները (Ադրբեջանը, Թուրքիան-խմբ.) ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով»:

Ըստ նրա՝ հարևանների հետ խոսելը մի բան է, երկրի անվտանգությունն ամրացնելն՝ այլ բան.  «Հարևանի հետ խոսելը չի խանգարում բանակն ամրացնել: Բանակդ ամրացրու, ո՞վ է ձեռքերդ բռնել, զենք առ,  տնտեսությունդ վերականգնի, երկրիդ ներքին ուժը կենտրոնացրու, սահմաններդ ամրացրու, խրամատներդ փորի, ի՞նչ կապ ունի, թե ում հետ ես խոսում»:

Մարուքյանի խոսքով՝ դիվանագիտական մեծ աշխատանք կա տանելու և պետք է տանել: Նա նշեց, որ իրենք իրենց ունեցած բոլոր հարթակներով էլ շարունակում են ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է թույլ տվել Արցախի և Հայաստանի դեմ:

«Ես կարծում եմ, որ մենք, եթե լավ կազմակերպված, հետևողական լինենք, կարող ենք նաև պատասխանատվության հարց բարձրացնել միջազգային քրեական տարբեր ատյաններում, տարբեր ուղղություններում»,-ասաց նա:

Սեպտեմբերի 27-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում