Ինչո՞ւ է փոխվել ծխախոտի տուփերի տեսքը․ պարզաբանում
Արդեն ութ ամիս է, ինչ Հայաստանում վաճառվող ծխախոտի տուփերը փոփոխությունների են ենթարկվել։ Առողջության վտանգի մասին նախազգուշացումներն այժմ ներկայացված են ոչ միայն տեքստային ձևով, այլ նաև պատկերների միջոցով։
Այս փոփոխությունները տեղի են ունեցել 2024թ․ հունվարի 1-ից ի վեր, երբ Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ են մտել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի դրույթները։ Դրանց համաձայն՝ այն ծխախոտային արտադրատեսակների տուփերը, որոնք Հայաստան են ներմուծվել կամ արտադրվել են Հայաստանում 2024թ․ հունվարի 1-ից հետո, պետք է ունենան օգտագործման վնասակարության մասին տեղեկացնող ու նախազգուշացնող պատկերներ։ Դրանք պետք է գտնվեն տուփի երկու կողմերի վերին հատվածում, զբաղեցնելով մակերեսի 50%-ը։ Նոր կանոնների համաձայն՝ դիմային մասում նախազգուշացնող տեքստերը ներկայացված են հայերեն լեզվով, իսկ ետնամասում՝ ռուսերենով: Այս նախազգուշացնող պատկերների առկայությունը վկայում է այն մասին, որ ծխախոտային ապրանքները վերջերս են արտադրվել և վերջերս են հայտնվել խանութներում։
Չնայած օրենսդրական պահանջներին՝ այժմ խանութներում հնարավոր է հանդիպել առանց նախազգուշացումների տուփերով ծխախոտային արտադրատեսակներ։ Պատճառն այն է, որ մինչև անցած տարեվերջ ՀՀ-ում արտադրված կամ Հայաստան ներմուծված ծխախոտային ապրանքները, որոնց տուփերը չեն պարունակում նախազգուշացնող տեղեկատվությունն ու պատկերները, վաճառքում կմնան մինչև դրանց վերջնական սպառումը։ Այնուամենայնիվ, նոր արտադրանքն արդեն պետք է համապատասխանի ԵԱՏՄ օրենսդրության պահանջներին։
Տուփերի վրա նաև այսուհետ բացակայելու են խեժի և նիկոտինի պարունակության, ինչպես նաև արտադրության երկրի մասին տեղեկություններ, քանի որ համաձայն ԵԱՏՄ օրենսդրության՝ դրանք չպետք է լինեն տուփի վրա։
Ի դեպ, ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը ընդունվել է դեռևս 2014թ.։ Հայաստանն այդ ժամանակահատվածում դեռ պաշտոնապես ԵԱՏՄ անդամ չէր, իսկ տեխնիկական կանոնակարգն անդամ պետություններում սկսել է գործել սկսած 2017թ.-ի վերջից։
Կարծիքներ