Գրիշա Թամրազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. նրա լիազորությունները կասեցվել են

Գրիշա Թամրազյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. նրա լիազորությունները կասեցվել են

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ մեղադրանք է ներկայացվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի արդեն նախկին խորհրդական Գրիշա Թամրազյանին։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է:

Թամրազյանն այսօր, ի պատասխան ՔԿ հաղորդագրության, հայտարարությամբ է հանդես եկել, որը հրապարակվել է նրա փաստաբան Երվանդ Վարոսյանի «Ֆեյսբուք»-ի էջում:

Վերջինս հայտնել է, թե «այն պահից սկսած, երբ իրենք՝ Վ. Բրյուսովի անվան համալսարանի վարչական և ակադեմիական կազմն ու ողջ ուսանողությունը, ձայն են բարձրացրել և սկսել պայքարը բուհի փաստացի լուծարման դեմ», ինչպես նաև, ըստ Թամրազյանի, «համալսարանի ռեկտորի ընտրություններում իշխանության թեկնածուի ջախջախիչ պարտությամբ պետական ապարատը սկսել է գործադրել ճնշումներ»:

Նա նաև կարծում է, թե իրականացվում է տեղեկատվական տեռոր:

Թամրազյանի գրառումից պարզ է դառնում, որ վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ դրանք որակելով «շինծու քրեական գործեր, հորինված մեղադրանքներ»:

«Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Համոզված եմ, որ մեր պայքարը եղել է ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն: Իմ սկզբունքայնության, պայքարի և անցած ուղու մասին ավելի լավ, քան այս իշխանությունները, ոչ ոք չգիտի: Սակայն կարծում եմ նաև, որ նրանք քաջ պետք է գիտակցեն, որ պայքարելու այն կամքը, որն ունեցել եմ, ունեմ և կունենամ մինչև կյանքիս վերջը, այն միշտ բերել և բերելու է հաղթանակներ: Վստահ եղեք, որ իմ պայքարը հանուն արդարության շարունակվելու է անկախ իմ կարգավիճակից՝ որտեղ էլ, որ լինեմ: Պարզապես, հաշվի առնելով այն ծանր իրավիճակը, որն այսօր ծառացել է պետության և ազգի առջև, առայժմ կսահմանափակվեմ այսքանով, որովհետև մենք բոլորս միասին այս պահին շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»,- նշել է նա:

Նկատենք՝ ըստ ՔԿ հաղորդագրության՝ Թամրազյանը, 2022 թվականի դեկտեմբերի 9-ին քաջատեղյակ լինելով, որ վերը նշված համալսարանի ռեկտորի ընտրություններով պայմանավորված՝ համալսարանի վարչական շենքում գտնվում են ինչպես այդ հաստատության բազմաթիվ աշխատակիցներ, ուսանողներ, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մի շարք աշխատակիցներ և այլ պաշտոնատար անձինք, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտակցելով, որ այդ պահին վարչական շենքում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն լուսաբանվում է լրագրողների կողմից և հասանելի է հասարակության լայն շերտերի համար, հասարակության նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, համալսարանի վարչական շենքում բարձրաձայն, բոլորի համար լսելի անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հասցեին՝ խափանելով մարդկանց անդորրն ու այդ պահին ընթացող հանրային միջոցառումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում