ԱՄՆ-ն ու Գերմանիան կպաշտպանեն Ուկրաինան
Վաշինգտոնում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների արդյունքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Գերմանիան կպաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխանությունը և կաջակցեն նրա տրանսատլանտյան ձգտումներին:
«Մենք կշարունակենք Գերմանիայի հետ միասին հանդես գալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների արևելյան թևը ռուսական ագրեսիայից պաշտպանելու գործում»,- ընդգծել է Բայդենը:
Ընդ որում, Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրում արձանագրվում է, որ ԱՄՆ-ն ու Գերմանիան դեմ են աշխարհի մասնատմանը ազդեցության ոլորտների վրա: Մասնավորապես, դրանում ասվում է, որ աշխարհը, այդ թվում ՝ ծովային տարածքները, չեն կարող մասնատվել ազդեցության ոլորտների՝ տարածքների բռնակցման կամ էներգետիկ հոսքերի օգտագործման միջոցով։
«Լինելով երկրներ, որոնց տնտեսությունը կախված է ամբողջ աշխարհում ապրանքների ազատ տարանցումից, մենք հաստատում ենք նավիգացիայի և թռիչքների ազատության, ինչպես նաև միջազգային իրավունքին համապատասխան ծովի այլ ազատ օգտագործման կրիտիկական կարևորությունը: Այդ արդյունքի հասնել հնարավոր չէ աշխարհում, որը բաժանված է ազդեցության ոլորտների, և մենք կդիմակայենք դրանց ստեղծման փորձերին՝ տարածքային բռնակցման, թվային ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողության հաստատման, անդրազգային բռնաճնշումների կամ որպես զենք էներգետիկ հոսքերի օգտագործման միջոցով»,- հռչակագրի տեքստը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Միացյալ Նահանգները և Գերմանիան քննարկում են «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ գործնական միջոցները: Մասնավորապես, նա հայտնել է, որ երկրները համատեղ պետք է գնահատական տան, թե արդյոք Եվրոպայի էներգաանվտանգությունը կամրապնդվի այս տարի խողովակաշարի շինարարության ավարտից հետո։
«Հյուսիսային հոսք-2»- ի վերաբերյալ իմ տեսակետը հայտնի է վաղուց։ Բայց այն ժամանակ, երբ ես դարձա նախագահ, խողովակաշարի կառուցումն 90 տոկոսով ավարտված էր, և պատժամիջոցների սահմանումը, կարծես, ոչ մի իմաստ չուներ: Ավելի շատ իմաստ ունի աշխատել կանցլերի հետ համատեղ գործողությունների վրա և պարզել, թե արդյոք Ռուսաստանը փորձել է ինչ-որ կերպ շանտաժի ենթարկել Ուկրաինային: Մենք կանցլերի հետ խնդրել ենք մեր թիմերին ուսումնասիրել այն գործնական միջոցները, որոնք մենք կարող էինք համատեղ ձեռնարկել, և այն, թե արդյոք Ուկրաինայի էներգաանվտանգությունն ու անվտանգությունն ամրապնդվելու են կամ թուլանալու են՝ ելնելով ռուսական գործողություններից։ Տեսնենք»,- ասել է Ջո Բայդենը։
Իր հերթին Անգելա Մերկելը հայտարարել է, որ նույնիսկ «Հյուսիսային հոսք- 2»-ի շինարարության ավարտից հետո Ուկրաինան պետք է մնա ռուսական գազի տարանցիկ երկիր և հույս է հայտնել, որ տարանցման պայմանագիրը ևս առնվազն երեք տարով երկարացվի: Պայմանագրի խախտման դեպքում Գերմանիայի կանցլերը սպառնացել է պատժամիջոցներով։
Նաև բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը որոշում է ընդունել գործարկել գործընկերություն կլիմայի և էներգետիկայի վերաբերյալ, որն ուղղված է, այդ թվում, Կենտրոնական Եվրոպայի և Ուկրաինայի երկրներին օգնություն ցուցաբերելուն: Ենթադրվում է, որ այդ գործընկերությունը կընդգրկի համագործակցության երեք առանցքային ոլորտներ՝ կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարի ոլորտում երկկողմ փոխգործակցության ամրապնդում, կրիտիկական կարևոր էներգետիկ տեխնոլոգիաների մշակման և ներդրման բնագավառում համագործակցության ընդլայնում և համատեղ՝ ձևավորվող տնտեսություններում կայուն էներգետիկային անցումը արագացնելու ուղղությամբ:
Կարծիքներ