Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն այցելել է Ուժգորոդ
Ուկրաինայի Զակարպատյիե մարզի ղեկավարության հետ հանդիպելու և Ուժգորոդում բացված ՀՀ հյուպատոսական կետի աշխատանքներին ծանոթանալու նպատակով Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն այցելել է Ուժգորոդ, հանդիպել Զակարպատյեի մարզային խորհրդի նախագահ Վլադիմիր Չուբիրկոյի և Ուժգորոդի քաղաքապետ Բոգդան Անդրիևի հետ։
Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը:
Չուբիրկոյի հետ հանդիպմանը դեսպանը երախտագիտություն է հայտնել Զակարպատյեի մարզային իշխանություններին՝ Ուկրաինայի արևելյան շրջաններից իրենց մարզ տեղափոխված Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի, օժանդակության պատրաստակամության համար։
Դեսպանը խոսել է հայ համայնքի դերակատարության, պետական շինարարության գործում Զակարպատյեում հայ համայնքի նշանակալի և շարունակական ներդրման մասին։
Այնուհետ դեսպանը Կարապետյանը հանդիպել է Ուժգորոդի քաղաքապետ Բոգդան Անդրիևի հետ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանություններին՝ Ուժգորոդում հյուպատոսության բացմանը ցուցաբերած աջակցության համար:
Բոգդան Անդրիևը ներկայացրել է Ուժգորոդ տեղափոխված փախստականներին ցուցաբերվող օժանդակության մասին: Նա ընդգծել է նաև հայ համայնքի դերը քաղաքային կյանքում, ակտիվ դերակատարությունը պատերազմի ժամանակ մարդասիրական օգնության տրամադրման հարցում։
Կարծիքներ