Երիկամների համար օգտակար սննդամթերքի տեսակներ, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում
Երիկամները մարդու կարևորագույն օրգաններից են, որոնք զտում ու դուրս են բերում բոլոր վնասակար տոքսիններն օրգանիզմից, ուստի դրանց առողջության ու գործառույթների պահպանումը շատ կարևոր է։ Գոյություն ունեն շատ պարզ ու հասանելի սննդամթերքի տեսակներ, որոնք սննդակարգում ներառելը կօգնի բարելավել երիկամների աշխատանքն ու կպաշտպանի այս օրգանները տարբեր հիվանդություններից։ Մասնագետները ներկայացրել են դրանցից լավագույնները, որոնք հարկավոր է անպայման մշտական սննդակարգի մասը դարձնել։
Կիտրոնի հյութ
Ուրոլոգների կորեական ընկերակցության հրապարակած տվյալներով՝ կիտրոնի հյութի մեջ պարունակվող ցիտրատները կապում են կալցիումի ավելցուկը՝ դրանով իսկ կանխելով երիկամներում քարերի ու բյուրեղների զարգացումը։
Խնձոր
Նեֆրոլոգների ամերիկյան միության մասնագետների խոսքով՝ խնձորը երիկամների համար ամենաօգտակար սննդամթերքի տեսակների շարքին է դասվում։ Նրանց տվյալներով՝ հաճախ խնձոր ուտող մարդկանց մոտ երիկամաքարային հիվանդության զարգացման հավանականությունը 45 տոկոսով ցածր է։ Գիտնականները ենթադրում են, որ նման ազդեցությունը պայմանավորված է այս մրգում պեկտինի առկայությամբ։ Այն յուրահատուկ մանրաթել է, որը բարելավում է արյան մեջ խոլեստերինի և շաքարի մակարդակների կարգավորման գործընթացը։
Հնդկացորեն
Այս տարածված ու համեղ մթերքը սպիտակուցների, երկաթի, В խմբի վիտամինների, մագնեզիումի և ցինկի հարուստ աղբյուր է։ Կենդանիների վրա անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ հնդկացորենի հյութահանուկն օգնում է վերականգնել շաքարային դիաբետի հետևանքով վնասված երիկամները։
Կոճապղպեղ
Հետազոտությունները ցույց են տվել, որ կոճապղպեղում պարունակվող հակաօքսիդանտները հակաբորբոքային ազդեցություն են ունենում, ինչի շնորհիվ պաշտպանում են ֆրուկտոզայի հետևանքով երիկամների վնասվածքներից։ Սա է պատճառը, որ շաքարային դիաբետով հիվանդներին մասնագետները խորհուրդ են տալիս կոճապղպեղ օգտագործել երիկամների առողջությունը պահպանելու համար։
Կաղամբի տարբեր տեսակներ
Կաղամբը, ծաղկակաղամբը, չինական կաղամբն ու բրյուսելյան կաղամբը պարունակում են երկաթ, կալցիում, սելեն, պղինձ, մանգան, ցինկ, ինչպես նաև մանանաեխի յուղի գլյուկոզիդներ։ Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ այս միացությունները նվազեցնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Նման բաղադրության շնորհիվ խաչածաղկավոր բանջարեղենի գործածությունը պաշտպանում է երիկամների քաղցկեղից։
Կարծիքներ