Բարեկարգում՝ թաղից թաղ. վարչական շրջանների տարեկան ծրագրերը
Քանդվող շինություններն ապօրինի կառույցներ չեն: Քանաքեռ - Զեյթունի բնակիչների սեփական ավտոտնակներն են, որոնց տեղում ամիսներ հետո բարեկարգ բակ կլինի:
«Բնակիչների հետ համաձայնության գալով` 9 ավտոտնակ է քանդվում, տեղում կկառուցենք խաղահրապարակ, կլինի կանաչ գոտի»,-նշում է Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:
Վարչական շրջանների այս տարվա ծրագրերով կբարեկարգվի ավելի քան 65 բակ: Կկառուցվեն ֆուտբոլի փոքր խաղադաշտեր:
«Այս տարի Էրեբունիում կառուցվում է փոքր ֆուտբոլի 2 խաղադաշտ, նաև՝ երկու այգի, բակային տարածք», - ասում է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:
Բարեկարգ բակից՝ նորոգված մուտք: Վարչական շրջանների ծրագրերով վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի մուտքերը: Նորոգման ընթացքում հին, կոտրված ապակիներով պատուհանները փոխարինվում են նորերով: 2020 թվականի վարչական շրջանների ծրագրով կնորոգվի 590 մուտք:
Վարչական շրջաններում այս օրերին նաև ասֆալտապատում է արվում: Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները բակում ընթացող աշխատանքներին անձամբ են հսկում:
«Այս տարվա մեկնարկած ծրագրերից ամենամեծը բակային ասֆալտապատման ծրագիրն է՝ շուրջ 35400 քմ, ինչը 2018 թվականի համեմատ մոտ 5 անգամ ավելի է»,- ասում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:
Նորքում բակային ասֆալտապատումն արդեն ավարտել է: Հիմա երեխաները հանգիստ խաղում, մեծերն էլ անցուդարձ են անում:
Նորք-Մարաշ բարձրացող այլընտրանքային 2-րդ ճանապարհի նեղության պատճառով վթարները հաճախակի էին: Այժմ ճանապարհ ավելի քան 1 մետր լայնացվում է:
«Սերո Խանզադյան փողոցը կարևոր նշանակություն ունի մեր բնակիչների համար: Լայնացնելուց հետո տարածքը կասֆալտապատվի»,- նշում է Նորք -Մարաշ վարչական շրջանի ղեկավար Էդմոն Ղազարյանը:
Արաբկիրում մայթերի կառուցմանն ու նորոգմանը զուգահեռ այս տարի հետիոտների համար կարևոր մի ծրագիր է մեկնարկել: Ավտոկայանատեղի դարձած 4 փողոցների մայթերը կսահմանազատվեն և կծառայեն միայն հետիոտնին:
Համայնքային ծրագրերին զուգահեռ մասնավոր հատվածն իր հերթին ևս քաղաքի բարեկարգման անմիջական մասնակիցն է:
Ամեն օր Երևանն արթնանում ու ապրում է քաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող ավելի քան 1 միլիոն ձայներով: Այդ ձայները լռեցնում է քաղաքի շինարարական աղմուկը. ասֆալտապատում, մայթերի կառուցում, վերանորոգում, որոնք վաղվա Երևանը կդարձնեն բարեկարգ ու հարմարավետ:
Կարծիքներ