Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել Իրանի կամ Հայաստանի տարածքով. Թուրքիայի տրանսպորտի նախարար
«Չեմ բացառում, որ Ադրբեջանի արևելյան շրջաններից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ տրանսպորտային միջանցքն անցնի և՛ Իրանի, և՛ Հայաստանի տարածքով։
Առաջին դեպքում կխոսենք 61 կիլոմետրանոց երթուղու մասին, երկրորդում՝ 43 կիլոմետրանոց երթուղու մասին»:
Այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ Kanal7 հեռուստաալիքի եթերում մեկնաբանելով Հարավային Կովկասում հաղորդակցությունների վերականգնման թեման։
Նրա խոսքով, անկախ երթուղու վերջնական որոշումից, կստեղծվեն տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցություններ։
«Այսպես թե այնպես, մենք այս նախագիծն իրականացնում ենք Ադրբեջանի հետ միասին։ Որոշակի խնդիրներ կան, բայց դրանք կարող են լուծվել առաջիկայում։ Դա ժամանակի հարց է»,- վստահեցրել է թուրք նախարարը։
Նրա խոսքով՝ ոչ մի երկիր չպետք է դեմ լինի իր տարածքը Պեկինը Լոնդոնին կապող միջազգային տրանսպորտային զարկերակի վերածելուն։ «Պարզապես անխոհեմ է նման գաղափարին ընդդիմանալը»,- ընդգծել է Ուրալօղլուն։
Թուրք նախարարը նշել է, որ չնայած Անկարան ուղղակիորեն չի մասնակցում Հարավային Կովկասում հաղորդակցության վերականգնման բանակցություններին, Թուրքիան մշտական կապի և համակարգման մեջ է Բաքվի հետ։
Հիշեցնելով Վրաստանի տարածքով Ադրբեջանի հետ կապի առկայությունը, թուրք նախարարը նշել է, որ այլընտրանքային տրանսպորտային միջանցքի բացման դեպքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքների առաքման ժամկետը կկրճատվի, իսկ Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը զգալիորեն կաճի:
Նախարարը նաև մեկնաբանել է Թեհրանի բացասական վերաբերմունքը Զանգեզուրի միջանցքի նախագծի նկատմամբ։ Ուրալօղլուն չի բացառել, որ Իրանի կողմից այս հարցի մերժման պատճառը բացառապես Իրանի տարածքով միջանցք ստեղծելու Թեհրանի ցանկությունն է։
Կարծիքներ