Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալը հերքել է լուրերը, թե Ուկրաինայում հավաքագրում են քաղաքացիների` մասնակցելու ԼՂ հակամարտությանը
Հուլիսի 27-ին Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է ունեցել նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարի հետ։
Հայաստանի դեսպանը զրուցակցին վերստին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների արդյունքում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում իրադրության լարվածության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը և կարևորել իրադարձությունների նկատմամբ միջազգային հանրության հավասարակշռված մոտեցումը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:
Ուկրաինացի բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել դեսպան Սեյրանյանին՝ Ուկրաինայի հայ համայնքին ուղղված զսպվածություն ցուցաբերելու և սադրանքների չտրվելու հորդոր պարունակող ուղերձի համար: Նա հավելել է, որ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ խաղաղորեն ապրում են Ուկրաինայում և «այսօր խիստ անհրաժեշտ է ապահովել ազգամիջյան խաղաղության պահպանումը և կանխել հայկական ու ադրբեջանական համայնքների միջև առճակատումը»: Դեսպանը հաղորդել է զրուցակցին, որ լարվածության հենց սկզբից Ուկրաինայի հայ համայնքը զսպվածություն է դրսևորել, ՈւՀՄ նախագահը և Ուկրաինայում ՀԱԵ հոգևոր առաջնորդը համապատասխան ուղերձներով դիմել են հայրենակիցներին:
Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդի հարցեր, ինչպես նաև պայմանավորվել ջանքեր գործադրել տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը նախապատրաստելու ուղղությամբ։
Զրույցի ընթացքում փոխնախարար Վասիլ Բոդնարը պաշտոնապես հերքեց վերջին օրերին տարբեր ԶԼՆ-ների կողմից տիրաժավորվող տեղեկատվությունն առ այն, թե Ուկրաինայում հավաքագրում են Ուկրաինայի քաղաքացիներին` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Կարծիքներ