Մենք պետք է անենք առավելագույնը բանակի զարգացման ու զորացման համար. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Պաշտպանության բանակի հրամանատարական հավաքների ամփոփիչ խորհրդակցությանը: Այս մասին ԱՀ նախագահը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
Հարությունյանը նաև ներկայացրել է բարձրաստիճան սպայական անձնակազմին ուղղված իր ելույթից մի քանի շեշտադրումներ.
«Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից: Հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում հրահրված բախումները, ապա Թուրքիայի ագրեսիվ ու բացահայտ ներգրավումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ ռազմատենչ գործողություններում մեկ անգամ ևս հաստատում են այն իրողությունը, որ բանակաշինության ոլորտը եղել և մնում է մեր պետության կենսագործունեության ամենագերակա ուղղությունը, և մենք պետք է անենք առավելագույնը բանակի զարգացման ու զորացման համար:
Թե՛ արդի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, թե՛ ինժեներական նոր կառուցների ստեղծումը պաշտպանության գոտու ամբողջ խորությամբ, թե՛ սպայական անձնակազմի սոցիալական խնդիրների լուծումը մշտապես կրելու են շարունակական բնույթ՝ գտնվելով Հանրապետության իշխանությունների և ողջ ժողովրդի հատուկ ուշադրության կենտրոնում: Հայ զինվորականը պետք է ապահովված լինի բոլոր անհրաժեշտ պայմաններով թե՛ Հայրենիքի պաշտպանության և թե՛ սեփական ընտանիքի կարիքները հոգալու համար:
Մեր բանակը եղել է, կա և կլինի հզոր ու մարտունակ՝ միշտ պատրաստ պաշտպանելու հայրենի երկրի սահմանները, հարազատ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը: Սա ազգային օրակարգի հարց է, և, համատեղելով համայն հայության ջանքերն ու ներուժը, մենք կանենք առավելագույնը այն հաջողությամբ լուծելու համար»:
Կարծիքներ