Ազգային ժողովը քիչ առաջ ամբողջությամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը. Բաթոյան

Ազգային ժողովը քիչ առաջ ամբողջությամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը. Բաթոյան

Ազգային ժողովը քիչ առաջ ամբողջությամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքը և կից օրենքներում փոփոխությունների փաթեթը:

Սա կարելի է պատմական իրադարձություն համարել, որովհետև Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս պարտավորությունը ստանձնել էր 2010-ին` վավերացնելով ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան:

Ես կարող եմ երկար գրել այն ճանապարհի մասին, որը անցել եմ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության իմ ընկերների հետ Կոնվենցիայի ստորագրման արարողությանը մասնակցելուց ի վեր, բայց դա այս պահին կարևոր չէ:

Միայն նշեմ, որ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին և նորմերին համապատասխան օրենքը մշակվեց և ընդունվեց քաղաքական կամքի և հետևողական ջանքերի շնորհիվ, որովհետև կառավարությունը և ԱԺ-ն այն կարևորեցին և դիտարկեցին որպես առաջնահերթություն:

Իհարկե, սա փոփոխությունների միայն սկիզբն է, որից հետո պետք է սկսվի նոր փուլ՝ ապահովելու օրենքի իրագործումը, ծրագրերի իրականացումը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և ներառման նոր մակարդակը: Օրենքն ինքնին հրաշքներ չի գործում, բայց ստեղծում է իրավական հիմքեր և հնարավորություններ արժանապատիվ և անկախ կյանքի համար, որը պարտավոր է ապահովել կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և բոլոր պատասխանատուները:

Ուզում եմ այս առիթով շնորհավորել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց կազմակերպություններին և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աշխատել են նախագծի վրա, մասնավորապես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Աննա Հակոբյանին և իմ օգնական Մուշեղ Հովսեփյանին: Հատուկ շնորհակալություն ԱԺ-ի իմ գործընկերներին նախագիծը քննարկելու և ընդունելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում