Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ լավ են զարգանում. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները «շատ լավ են զարգանում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։
«Մենք անընդհատ կապեր ենք պահպանում։ Եվ այդ թվում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում մենք ակտիվորեն շփվել ենք գործընկերների հետ։ Հետևաբար, այստեղ՝ տնտեսական առումով, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով, ինչպես մենք ծրագրել էինք», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի իրավապահները գործողություններ էին իրականացրել Եկատերինբուրգում՝ ձերբակալելով մի քանի ադրբեջանցիների, որոնք կասկածվում էին նախկին տարիներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ: Ձերբակալված ադրբեջանցիներից երկուսը մահացել էին։
Ադրբեջանը դատապարտել էր տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն, և բողոք էր հայտնել ՌԴ անվտանգության ուժերի գործողությունների դեմ։ Դրանից հետո Բաքվում կալանավորվել էին «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը։ Լրատվամիջոցի աշխատակիցները մեղադրվում են մեքենայության, անօրինական ձեռնարկատիրության համար։ Բացի այդ, կալանավորվել են ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ, որոնք մեղադրվում են Իրանից թմրանյութերի մաքսանենգության և կիբերհանցագործությունների համար։
Կարծիքներ