Կվերականգնվի «Քարակարմունջ» կամուրջը, Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցու աշխատանքներն ընթացքի մեջ են

Կվերականգնվի «Քարակարմունջ» կամուրջը, Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցու աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Նավուր գյուղ՝ «Քարակարմունջ» կամրջի (հայտնի է նաև «Հախումի կամուրջ» անվամբ) վիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման նպատակով:

 

19-20-րդ դարերին թվագրվող հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով: Տեղում քննարկվել են առաջին փուլով նախատեսված հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի կազմման և երկրորդ փուլով՝ վերականգնման աշխատանքները:

 

Չորաթան գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են բարերար Վարդան Քալանթարյանի հատկացրած միջոցներով. այս նպատակով ԿԳՄՍ նախարարությունը 2022 թ․ մայիսի 20-ին հուշագիր էր կնքել բարերարի հետ: Եկեղեցու վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել են լիազոր մարմնի համաձայնեցմանը, որից հետո տրվել է նաև վերականգնման թույլտվություն։ Իրականացված ու ընթացքում գտնվող վերականգնման աշխատանքները տեղում դիտարկվել են մասնագետների կողմից: Համադրելով նախագծով առաջարկվող լուծումների հետ՝ քննարկվել են շտկման ենթակա և իրականացվելիք աշխատանքների մանրամասները։

Չորաթանի Սբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 1683 թ․, սակայն բարերարի ֆինանսավորմամբ իրականացված հնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են նաև 11-13-րդ դդ․ թվագրվող եկեղեցու հիմքեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում