Արտետան հաստատել է, որ Դավիդ Լուիսն ու Դանիել Սեբալյոսը կոնֆլիկտ են ունեցել մարզման ժամանակ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաստատել է, որ թիմի մարզման ժամանակ բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը հարվածել է իսպանացի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսի դեմքին:
«Այո, մարզման ժամանակ եղել է նման միջադեպ, սակայն դա ոչինչ չի նշանակում: Թիմում ամեն ինչ կարգին է, և բոլոր խնդիրներն արագ կշտկվեն»,- Արտետայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Միջադեպը տեղի է ունեցել երկկողմանի խաղի ընթացքում: Կոշտ բախումից հետո բրազիլացին հարվածել է ակումբակցի դեմքին: Սեբալյոսի քիթն արյունահոսել է և նա ընկել է խոտածածկին: Իսպանացին ոտքի է կանգնել և փորձել պատասխանել, սակայն «Արսենալի» ֆուտբոլիստները կանխել են բախումը: 2 ֆուտբոլիստներն էլ հեռացվել են մարզումից և տուն ուղևորվել:
«Արսենալը» պատրաստվում է «Լիդսի» դեմ Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի խաղին, որը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:
Կարծիքներ