ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը ՌԴ-ին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով երկկողմ ու անխափան տարանցումը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը ՌԴ-ին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով երկկողմ ու անխափան տարանցումը

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում կոչ է արել Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել անխափան տարանցումը՝ պահպանելով նախկինում ստանձնած պարտավորությունները։ Դրանք, ըստ դիվանագետի, հստակորեն ներառում են Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի համար երաշխիքներ:

Քարփենթերն ընդգծել է, որ Լաչինի ճանապարհով մասնավոր և կոմերցիոն նպատակով երթևեկության շարունակվող խափանումը կարող է ծանր մարդասիրական հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց համար։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ կարևոր օգնություն ցուցաբերելու համար, և կոչ է արել Ադրբեջանին ապահովել Արցախի բնակչության անհատական իրավունքների, անվտանգության և բարեկեցության նկատմամբ հարգանքը:

«ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից։

Ես նաև ակնկալում եմ Լեհաստանի նախագահի Կարիքների գնահատման թիմի առաջարկությունների վերաբերյալ բովանդակալից քննարկում՝ Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարությամբ: ԵԱՀԿ-ն և նրա տարբեր ինստիտուտներ կարող են աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հիմնվելով անվտանգության հարցում մեր համապարփակ մոտեցման վրա՝ խարսխված մեր արժեքների, սկզբունքների և պարտավորությունների վրա: Մենք ունենք լայն գործիքակազմ, որը կարող է օգտագործվել այս հակամարտությունում, և մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դա անել»,- հայտարարել է Մայքլ Քարփենթերը։

Ըստ նրա ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերսկսելու բովանդակալից բանակցություններ վեճերը լուծելու համար։ Համապարփակ խաղաղության համաձայնագիրը միակ ճշմարիտ ուղին է դեպի երկարատև խաղաղություն՝ «հիմնված հարաբերությունների կարգավորման և փոխադարձ ճանաչման վրա։

«Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին՝ հետաքննելու ենթադրյալ վայրագությունները և պատասխանատվության ենթարկելու մեղավորներին։  Միացյալ Նահանգներն ակնկալում է համագործակցել Հյուսիսային Մակեդոնիայի և ԵԱՀԿ-ի հետ՝ տարածաշրջանում բոլոր մարդկանց անվտանգությունը բարելավելու համար։

ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին է Եվրամիությունը, և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, հասնելու այս հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման»,- եզրափակել էդիվանագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում