Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են հունիսի 19-ին, ժամը 05։30-ին։ Հրդեհը մեկուսացվել Է ժամը 19։10-ին։ Ծխացող օջախներ չկան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Դեպքի վայրում են գտնվում 86 փրկարար ծառայող, արգելոցի 16 աշխատակից, ինչպես նաև՝ 3 հիմնական, 1 ամենագնաց, 1 կապի համար նախատեսված հատուկ և 6 փրկարարական ավտոմեքենաներ։
Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվում է օդային հետախուզություն արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։
Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ, կա մեկ ծխացող օջախ, որի վրա աշխատում են 34 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։
Հրշեջ-փրկարարական մեքենաների համար անմատչելի տեղանքում հրդեհաշիջում իրականացնելու համար փրկարարները մոտ 2 կմ տեղափոխել են հրդեհաշիջման պարագաներ, գործիքներ և ահռելի քանակությամբ ջուր։
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ․ Ավագյանը և Արարատի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Վ․ Հովսեփյանը։
Հրդեհը մեկուսացվել Է ժամը 19։10-ին։ Ծխացող օջախներ չկան։
Տեղում իրականացվում է հերթապահություն։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։
Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։
Ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։
Դեպքի վայրում են գտնվել ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 աշխատակից, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 4 աշխատակից և Ուրցաձոր գյուղից 10 կամավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ