Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է. Հակոբյան
Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է Անկախության հռչակագրին և Հայաստանի Սահմանադրության մեջ դրա դրույթներն ամրագրելու հարցին։
Ըստ պատգամավորի՝ ընդդիմությունն ընդունում է, որ այս պահին Ղարաբաղի և Հայաստանի միավորման օրակարգ գոյություն չունի, հետևաբար Անկախության հռչակագրի դրույթը չպետք է ներառվի երկրի Սահմանադրության մեջ։
«Ընդդիմությունը, մենք՝ հայերս, ունե՞նք այդ օրակարգը, կա՞ այդ օրակարգը՝ Ղարաբաղի և Հայաստանի միավորման։ Ընդդիմությունն ասում է՝ չկա։
Ասում ենք՝ շատ լավ։ Անկախության հռչակագիրը պատմական փաստ է, մենք դրանով անկախացել ենք։ Ի դեպ, իրականում անկախացել ենք նաև սեպտեմբերի 21-ով, հանրաքվեով՝ ֆորմալ առումով։ Բայց Անկախության հռչակագրի մասին ենք խոսում։ Կա՞ այս օրակարգը։ Ասում են՝ չէ։
Հիմա մենք ասում ենք՝ այդ պատմական փաստը բերեք չբերենք, մեր Սահմանադրության մեջ չզետեղենք, որովհետև այդ օրակարգն արդեն ժամանակավրեպ է»,- պարզաբանել է Հասմիկ Հակոբյանը։
Հարցին՝ եթե չի արվում, խաղաղությանը վտա՞նգ է սպառնում, Հասմիկ Հակոբյանը պատասխանել է․ «Եթե չի արվում, խաղաղության պայմանագիր չի կնքվում»։


Կարծիքներ