Հաստատել մշակութային և քաղաքական պայքար մղելու հանդիսավոր հանձնառություն. Անդրեա Օրսինի
Հայոց ցեղասպանության հիշողության կրակը վառ պահելը նշանակում է ոչ միայն խոնարհվել անմեղ զոհերի հիշատակի առջև, այլև ևս մեկ անգամ հաստատել մշակութային և քաղաքական պայքար մղելու հանդիսավոր հանձնառությունը, որպեսզի նմանատիպ ողբերգությունները այլևս երբեք չկրկնվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Առաջ, Իտալիա» (Forza Italia» կուսակցության նախագահության կոմիտեի անդամ Անդրեա Օրսինին՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով։
«Ապրիլի 24-ը ողբերգական տարելից է. այդ օրը սկսվեց 1900-ականներիի մեծ սարսափներից առաջինը՝ Հայոց ցեղասպանությունը, որից նույն ինքը Հիտլերը ոգեշնչվեց՝ «վերջնական լուծման» համար: Առաջին անգամ մի ողջ ժողովուրդ դարձավ իսկական ոչնչացման ծրագրի առարկա՝ էթնիկ հիմունքներով, առաջին անգամ փորձ արվեց ջնջել մի ժողովրդի հիշողություն, հինավուրց և մեծանուն մի ժողովրդի՝ մարդկային պատմության ակունքներից ի վեր։
Հիշել Հայոց ցեղասպանությունն այսօր՝ 108 տարի անց, վառ պահել այդ հիշողության անմար կրակը Երևանում, որին ես նույնպես պատիվ եմ ունեցել հարգանքի տուրք մատուցել անցյալում, նշանակում է ոչ միայն խոնարհվել անմեղ զոհերի հիշատակի առջև, այլև ևս մեկ անգամ հաստատել մշակութային և քաղաքական պայքար մղելու հանդիսավոր հանձնառությունը, որպեսզի նմանատիպ ողբերգությունները այլևս երբեք չկրկնվեն:
Այսօր Հայաստանը ազատ և ժողովրդավար երկիր է, քրիստոնյա ազգ, որը իրավացիորեն պահանջում է իր սահմանների անվտանգությունը, մինչդեռ աշխարհի հայ համայնքները որակյալ և գնահատված իրողություններ են. հատկապես սերտ է մեր երկրի և Իտալիայում հայ համայնքի միջև կապը: Հայ ազգին և իտալահայ համայնքին գրկում եմ ցավի այս օրը։
Կարծում եմ, որ ճիշտ է կոչով դիմել կովկասյան տարածաշրջանի բոլոր դերակատարներին, որոնց հետ Իտալիան ունի ջերմ և կառուցողական հարաբերություններ, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ իր իսկ հողում»,- նշել է Օրսինին:
Կարծիքներ