Այս բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են վատ լուրեր. Նիկոլ Փաշինյան
Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, բարեբախտաբար, ՀՀ-ում շարունակում է բարելավել և օգոստոսի 4-ին հունիսի 4-ից հետո առաջին անգամ մեր` կորոնավիորսով վարակված ակտիվ դեպքերի, այսինքն` մեր բուժման մեջ գտնվող քաղաքացիների թիվը պակաս է 8 հազարից և մենք, ըստ էության, բոլոր ցուցանիշների գծով գտնվում ենք մայիսի վերջին շաբաթվա-հունիսի առաջին շաբաթվա ժամանակ արձանագրված թվերի մակարդակին, բայց խնդիրն այն է, որ այս բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են վատ լուրեր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ՀՀ քաղաքացիները թվերի այս անկումը վարակի աճի տեմպի անկումը սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոնների չպահպանելու առիթ և շատերին թվում է` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այլևս հաղթահարված է:
Նա նշեց, որ նախորդ օրը գրանցվել է վարակի 288 նոր դեպք: «Սա հսկայական թիվ է և կարող ենք այս առումով ասել, որ համաճարակային իրավիճակը ՀՀ-ում շարունակում է մնալ բարդ»,- ասաց վարչապետը և ընդգծեց, որ եթե արձագանքը պատշաճ չլինի` նորից կարող ենք իրավիճակը ետ գլորել. «Մենք գտնվում ենք նույն վտանգներին հանդիման, որի դիմաց գտնվում էինք մայիսի կեսերին, երբ ակնկալում էինք, որ ապակենտրոն պայքար կսկսվի, ինչն այդքան էլ արդյունավետ չստացվեց»:
Վարչապետը նշեց, որ պայքարն արդյունավետ կլինի կառավարության ու քաղաքացիների համագործակցության արդյունքում, կառավարությունը պետք է ասի, թե ինչ պետք է անել, իսկ քաղաքացինեը պետք է լսեն:
Փաշինյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ հակահամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի բաց ու փակ տարածքներում դիմակ կրելը. «Մենք հնարավորություն ենք ստացել հաղթահարելու իրավիճակը, ինչը կախված է մեզանից յուրաքանչյուրից»:
Կարծիքներ