«Հոկտեմբերի 27»-ի նպատակները պարզ էին, և դրանց մի մասը դեռևս արդիական է․ Անուշ Քլոյան

«Հոկտեմբերի 27»-ի նպատակները պարզ էին, և դրանց մի մասը դեռևս արդիական է․ Անուշ Քլոյան

1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ուղիղ 24 տարի առաջ, փորձ արվեց կոտրել Հայաստանի պետականության ողնաշարը: Զարհուրելի այս ոճրագործությանը զոհ գնացին այդ ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Թե՛ ՀՀ գլխավոր դատախազը, թե՛ իշխանության տարբեր ներկայացուցիչներ վստահ են՝ այսքան տարի հետո «Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերը ունեն նախադրյալներ լիովին բացահայտվելու, սակայն բացի ահաբեկչության հիմնական մեղավորից՝ Նաիրի Հունանյանից, որն իր պատիժը շարունակում է դեռևս կրել, որևէ այլ պատասխանատու չի ներկայացվել ժողովրդի դատին։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նույնպես ընդգծում է՝ արդարացի կլինի, որ իրական մեղավորները՝ պատվիրատուները, ստանան իրենց պատիժը:

Թե՛ «Հոկտեմբերի 27»-ը, թե՛ «Մարտի 1»-ը պետության դեմ ուղղված ահաբեկչությունն էին․

 

Երկու դեպքերն էլ ուղղված էին մեր անկախության դեմ։ Կային ուժեր, որոնք չէին ցանկանում, որ մենք ունենանք ինքնիշխան, անկախ պետություն։ Տարիներ են անցել, բացահայտումը հեշտ չի լինելու։ Ժողովուրդը մտածում է, որ այդ ահաբեկչությունը նաև ոչ միայն ներքին թշնամու, այլ դրսի ուժերի միջոցով էր։ Այդ քայլերը ուղղված էին հիմնականում գլխատելու մեր պետությունը, որովհետև որոշների համար ցանկալի չէր, որ Հայաստանը լինի ինքնիշխան։ Այդ պատճառով հիմք դրվեց մի կառավարման ռեժիմի, որտեղ միայն քրեաօլիգարխիկ համակարգն էր իշխում, պետության հիմք չկար, խարխլված էր։ Մեր պետությունը միջազգային հարթակներում կորցրեց իր հեղինակությունը, չէին ճանաչում մեզ, դարձել էինք մեկ այլ պետության շահերի սպասարկող, խամաճիկներ նրանց ձեռքում, չէին ցանկանում հզորացնել, անկախ պետություն ստեղծել։ Հետո տեղի ունեցավ «Մարտի 1»-ը, քանի որ ժողովուրդը ազատությունն էր ուզում, արդարություն, անվտանգ պետություն։

Այժմ էլ պետության դեմ գործող «5-րդ շարասյուն»-ը փորձում է կրկնել տեղի ունեցած ողբերգությունները․

Այն տարիներին ևս «5-րդ շարասյան» նպատակը Կառավարության թուլացումն էր, թալանելով պետությունը՝ հարստության կուտակումն էր։ Պայքարում էին իրենց ունեցվածքը պահելու համար, իրենց ցանկությունն ու դրսի ուժերի ուղղորդումները համընկնում էին։ Բայց «Հոկտեմբերի 27»-ից հետո էլ իրենց ցանկությունները չիրականացան․ մեր ժողովուրդը հասկացավ, որ ինքն է իր իշխանության տերը և չի ցանկանում հպատակ լինել մեկ այլ պետության։ Գիտակցեց, որ ազատությունից թանկ բան չկա, դա լավագույն արժեքն է։ Ժողովուրդը դա զգաց հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, երբ հասկացավ, որ ազատ է իր կամքը արտահայտելու համար, պետությունը իրեն կլսի, ինքը կարող է հասնել իր երազանքներին։

«Հոկտեմբերի 27»-ի նպատակները պարզ էին, և դրանց մի մասը դեռևս արդիական է․

Այդ իշխանությունը դրսի ուժերի կողմից հավանության արժանացած խամաճիկներ էին, այդ պատճառով թե՛ գույք-պարտքի դիմաց ցանկություններ էին կատարվում, թե՛ պետության համար կարևոր նշանակության օբյեկտներն էին հանձնվում այլ երկրի։ Հետո սկսեցին նաև տարածքներ պահանջել, արտաքին հարաբերություններում այնպիսի քվեարկություններ կատարել, որոնք մեր շահերից չէին բխում, կարևոր ենթակառուցվածքներ, հանքեր խլեցին մեր ձեռքից, և, այո՛, կար նաև Մեղրիի հարցը։ Այդ տարածքը ՀՀ դարպասն է, օդն ու ջուրը։ ՀՀ ժողովուրդը պայքարելու է իր ամեն մի թիզ հողի համար, երբեք չի ապրի, չի համակերպվի ուրիշ պետության լծի տակ ապրելու մտքի հետ։ Մեզ հենց դրա համար է տրվել այս մանդատը, որպեսզի պահենք ՀՀ անկախությունը։

Հիմա մեր Կառավարությունը պատրաստ է պայքարելու, զարգացնելու, հզորացնելու մեր պետությունը թե՛ միջազգային իրավունքների, թե՛ մարդու իրավունքների և մեր Սահմանադրության շրջանակներում։ Հիմա մենք պարզապես ասում ենք՝ հարգե՛ք մեր տարածքային ամբողջականությունը, հարգե՛ք մեզ՝ որպես պետություն, եկեք հավասար համագործակցենք։ Մենք պահում ենք մեր պետական շահերը։ Շատ ազգեր կան, որոնք չունեն անկախություն, պետություն, ինչի համար պայքարում են դարեր, տարիներ, իսկ մենք մեր քաղաքական կամքով, մեր հոգու ներսում պետք է հստակեցնենք, զարգացնենք մեր անկախության գաղափարը։

«Հոկտեմբերի 27»-ից հետո թույլ չէր տրվում, որ ՀՀ-ն զարգանա․

Դրանից հետո՝ մինչև 2018 թվականի հեղափոխությունը, ժողովրդի ներսում լցված էր ամեն ինչ, տեսնում էին, որ չկա արդարություն, օլիգարխիկ համակարգ էր գործում, մելիքություններ էին ստեղծվել՝ Ջերմուկը ղեկավարում էր մեկը, Սյունիքը՝ մյուսը, և պետք էր մի առաջնորդ, որը ժողովրդին իշխանություն կտար։ Հեղափոխության օրերին ժողովուրդը միավորվեց և ավելի բուռն կերպով պայքարեց, հատկապես, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ «Մարտի 1»-ը ձեզ դաս չեղա՞վ», դրանից հետո ես նույնպես ժողովրդի աչքերում տեսա, որ այդ արտահայտությունը չի ներվի։ 2018-ից հետո հիմք դրվեց ժողովրդավարության, և մենք նորից ունեցանք այլ իրավիճակ երկրում։ Եթե նախկինում չէին ցանկանում, թույլ չէին տալիս հզորացնել, զարգացնել Հայաստանը, ապա մենք գնում ենք այդ ճանապարհով։

Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը ողջ լինեին․

Մենք կապրեինք այլ իրականության մեջ։ Կունենայինք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր, տնտեսություն։ Մեր ժողովուրդը շատ տառապեց այդ ողբերգությունից հետո։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում