Նոր ծրագրի մեկնարկ Մանկավարժական համալսարանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր մասնակցել է «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման մոտեցման կիրառումը վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար» ծրագրի մեկնարկային հանդիպմանը։
Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի, ՀՊՄՀ-ի և ԱՀԿ-ի աջակցությամբ մշակված ««Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման» մոտեցման կիրառումը՝ վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում. իրագործելիության հետազոտությունը Հայաստանում» հայեցակարգն ընդգծում է առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման (ԱՀԳՅ) շրջանակը, որը հատուկ հարմարեցված նորարարական նախագիծ է առողջ ծերացմանը և վերականգնմանը նպաստելու համար։
Միջոցառմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և այլք:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ նշել՝ թե՛ միջազգային, թե՛ տեղական ցուցանիշներն անհանգստանալու և մտածելու առիթ են տալիս. «Յուրաքանչյուրս մեր տեղում, գործունեության մեր շրջանակում պետք է փորձենք առավելագույնս արդյունավետ կազմակերպել գործընթացները՝ բարձրաձայնված խնդիրները լուծելու կամ չեզոքացնելու համար»։
Փոխնախարարը վստահեցրել է՝ պատասխանատու 3 գերատեսչությունները քննարկել և շարունակում են քննարկել՝ ինչ անել, որ բացթողումներ չունենան։
Արաքսիա Սվաջյանը, որը նաև Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս է, ընդգծել է՝ բուհը միակն է, որ պատրաստում է ներառական կրթության մասնագետներ․«Ոլորտը կայծակնային արագությամբ է զարգանում․ պետք է փորձենք կրթական ծրագրերը համապատասախանեցնել գիտության զարգացման տեմպերին, պատրաստել մասնագետներ, որոնք կտիրապետեն աջակցության տեխնոլոգիաներին, կօգնեն շահառուներին օգտվել դրանցից»։
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ հատկապես մեր երկրում, որտեղ հիմնական շեշտադրումները երեխաների և երիտասարդների ուղղությամբ են իրականացվում, պետք է օգտագործել յուրաքանյուր քաղաքացու պոտենցիալը։ Փոխնախարարը խոսել է նաև մանկավարժահոգեբանական ծառայության, զբաղվածության ռազմավարության, ոչ ֆորմալ կրթության մասին՝ ընդգծելով մեծահասակաների կրթության կարևորությունը։
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը հետաքրքիր երկխոսություն, փորձի արդյունավետ փոխանակում, ինչպես նաև ձևավորված թեզիսների վերաբերյալ բովանդակային մոտեցումներ է մաղթել միջոցառման մասնակիցներին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի իրագործման համար և նշել՝ միասին հնարավոր եղավ կենտրոնացնել դաշտի մասնագիտական ներուժը, և տարիներ շարունակ հետաձգվող բարեփոխումն իրագործել. «Համատեղ շատ աշխատանքներ ունենք անելու և զարգացնելու, սակայն մեկնարկը գիտահեն է։ Նախարարությունը համակարգում է նաև ժողովրդագրությունը և պատասխանատու է դրա զարգացման համար»,- ասել է նա:
Ծրագրի շրջանակում վաղը Լյուցեռնի համալսարանի ներկայացուցիչները կանցկացնեն վերապատրատումներ:
Կարծիքներ