ԵՄ երկրների հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով մեծացել է. ՀՀ վարչապետ

ԵՄ երկրների հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով մեծացել է. ՀՀ վարչապետ

Հայաստանում ընթացիկ տարվա հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Եվրոպական միության երկրների հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ մեծացել է, և այս առումով Լիտվան առանձնահատուկ ակտիվություն է և աջակցություն է փորձում ցուցաբերել: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 3-ին կայացած հանդիպմանը։

«Արմենպրես»-ին թղթակցի տեղեկացմամբ՝ ՀՀ վարչապետը նշել է. «Սա իմ առաջին այցն է Լիտվա, և հույս ունեմ, որ այն արդյունավետ կլինի: Պետք է արձանագրել հետևյալը․ հունիսի 20-ի ընտրություններից հետո նկատելի է, որ ԵՄ երկրների հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով մեծացել է, չնայած այն երբեք էլ փոքր չի եղել: Այս առումով Լիտվան առանձնահատուկ ակտիվություն է և աջակցություն է փորձում ցուցաբերել: Դա պատահական չէ, որովհետև Լիտվայի հետ ավանդական կապեր կան, Լիտվան շատ ավելի լավ է ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, ԽՍՀՄ ժամանակ երկու երկրների միջև ակտիվ շփումներ են եղել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ մեր համագործակցությունն էլ ավելի արդյունավետ կլինի:

Նա անդրադարձել է Եվրամիության հետ իրականացվելիք առաջիկա ծրագրերին՝ մանրամասնելով. «ԵՄ-ի հետ աշխատում ենք առաջիկա տարիների ընթացքում 2,6 մլրդ եվրոյի ներդրումային ծրագրեր իրականացնելու վերաբերյալ, որոնք ունեն մի քանի ուղղվածություն՝ գործարարության զարգացման, տեխնոլոգիաների, ՓՄՁ-ների, թվայնացման, Սյունիքի կամ Հայաստանի հարավային շրջանների զարգացման ուղղությամբ»:

Կառավարության ղեկավարը նաև հայտնել է, որ հայկական կողմը ծրագրի վերաբերյալ իր պատկերացումներն արդեն իսկ ներկայացրել է ԵՄ գործընկերներին։ «Հույս ունենք առարկայական աշխատանք տանել դրանց իրականացման ուղղությանբ»,- նշել է նա՝ հայտնելով, որ այդ ծրագրերը պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ, որը քննարկվում է, և այդ ծրագրերի մեկնարկը ներառված է բյուջեում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում