6 դոլարից մինչեւ տասնյակ հազարավոր դոլարներ. որքան են դիմակ չկրելու տուգանքներն աշխարհում

6 դոլարից մինչեւ տասնյակ հազարավոր դոլարներ. որքան են դիմակ չկրելու տուգանքներն աշխարհում

Կորոնավիրուսի համավարակը դեռեւս չի նահանջում՝ պատուհաս մնալով աշխարհի բազմաթիվ երկրների տնտեսությունների եւ առողջապահական համակարգերի համար: 

Օրինակ, Գերմանիայում այսպես կոչված Maskenpflicht-ը (դիմակներ կրելու պարտավորությունը) խախտելու համար տուգանքը տատանվում է 15-ից 500 եվրոյի միջակայքում՝ կախված դաշնային տարածքից: Ամենացածր տույժերը Բադեն-Վյուրտեմբերգում են, ամենաբարձրը՝  մայրաքաղաք Բեռլինում: Ընդ  որում, մի շարք շրջաններում առանձին տուգանքներ են սահմանված այն գործատուների համար, որոնց աշխատակիցները աշխատանքի են հաճախում առանց դիմակների: Գերմանական որոշ շրջանների  արտադրական ձեռնարկություններում սանիտարական նորմերի խախտումների համար գործատուները վճարում են 10 հազար դոլար տույժ:  Այնտեղ տուգանում են նաեւ սոցիալական հեռավորությունը խախտելու համար՝ 25-ից մինչեւ 400 եվրո:

Բավարիայում այս տիպի անփութությունը կարող է ընկերությունների սեփականատերերին արժենալ 5000 եվրո, իսկ Ռեյնլանդ-Պֆալցինայում առանց դիմակ աշխատողներ ունեցող խանութպանները վճարում են 250 եվրո: Այսօրենքների խստությունը փոխհատուցվում է նրանով, որ առաջին անգամ գործատուները զգուշացում են  ստանում, եւ առանց դիմակի միայն երկրորդ անգամն է հանգեցնում տուգանքի:

Մեծ Բրիտանիայում դիմակների բացակայության համար քաղաքացիները տուգանվում են 100 ֆունտ սթերլինգ:  Այնտեղ քաղաքացիներին դիմակ կրել պարտավորեցնելու գործընթացը բավական դանդաղ է ընթանում՝ եվրոպական այլ երկրների համեմատությամբ: Օրինակ, հասարակական տրանսպորտում դիմակ կրելու պարտավորություն է մտցվել հունիսի կեսերին, իսկ խանութներում՝ հուլիսի վերջին միայն, մինչդեռ եվրապական այլ երկրներում դիմակների կրման պարտադիր կարգին են անցել դեռ մարտին: Հուլիսի վերջին Մեծ Բրիտանիայի խանութներում անհատական պաշտպանիչ միջոցներից օգտվում էր բնակչության 36 տոկոսը միայն, մինչդեռ նույն ժամանակահատվածում Գերմանիայում 65, Ֆրանսիայում՝ 78, Իտալիայում՝ 83 եւ Իսպանիայում մարդկանց 86 տոկոսն էին օգտվում:

Ֆրանսիայում հասարակական վայրերում եւ փակ տարածքում դիմակների կրումից հրաժարվողները կարող են տուգանվել 135 եվրո: Նման պահանջ է երկրում սահմանվել հուլիսի 19-ին, երբ տեղի իշխանությունները գրանցել էին կորոնավիրուսային իրավիճակի բարդացում  եւ նման կերպ փորձում էին կանխել երկրորդ ալիքի բռնկումը: Հատկանշական է, որ համավարակի տարածման սկզբում Ֆրանսիայի ղեկավարությունը դեմ էր հանդես գալիս դիմակների  համատարած  կրմանը, իսկ երբ երկիրը դարձավ Եվրոպայում ամենատուժածներից մեկը, իշխանությունների կարծիքն էլ փոխվեց: Ֆրանսիայում տուգանք է սահմանված նաեւ օգտագործված դիմակը կամ ձեռնոցը փողոցներում կամ բաց աղբամաններում նետելու համար:

Աշխարհում, թերեւս դիմակներ կրելու կարգը խախտելու համար ամենաբարդ փուլում է գտնվում  Ամերիկայի Միացյալ նահանգները: Այստեղ դիմակ դնելու պարտադրանքը շատերն ընդունում են իբրեւ «դեմոկրատների դավեր», իսկ տարբեր նահանգներում այդ կարգի խստացումը կարող է շրջանների կոնգրեսականների համար հարյուրավոր ձայներ արժենալ հաջորդ ընտրություններում: Հուլիսի սկզբին միայն սոցիալական հեռավորության խախտման եւ դիմակ չկրելու համար պատասխանատվություն սահմանել հաջողվեց Կալիֆորնիայում:  Այնտեղ առաջին խախտման համար տուգանքը մոտ 300 դոլար է կազմում, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ մոտ 500 դոլար: Հուլիսի կեսերին 500 դոլար տուգանք սահմանվեց նաեւ Ալաբամայում, իսկ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում քաղաքացուն կարող են կալանավորել:

Ավելի ուշ տուգանքների ռեժիմը տարածվեց գրեթե բոլոր նահանգներում, սակայն Ֆլորիդան, Ջորջիան ու Միսիսիպին դուրս են այդ ցանկից, այնտեղ բավարարվել են միայն առողջապահական խորհուրդներին հետեւելու կոչերով:

Եվրոպայում դիմակ չկրելու համար ամենախիստ մոտեցումները եղան Իտալիայում: Համավարակի ընթացքում ամանաշատ կորուստները գրանցած երկրում դիմակների կրման կարգը խախտելու համար տուգանքը կարող է հասնել մինչեւ 1000 դոլար, իսկ մասնավոր ընկերությունները կարող են փակվել 5-ից 30 օրով:

Իսպանիան բնականոն կյանքին փոքրիշատե վերադարձավ հունիսի 21-ից հետո: Հենց այդ ժամանակ էլ սահմանվեցին դիմակների կրման պարտադիր կանոններ բացօթյա վայրերում ու այն տեղերում, ուր հնարավոր չէ պահպանել 1,5 մետր հեռավորություն: Դիմակի կրումից հրաժարվելու տուգանքը 100 եվրո է կազմում:

Բելգիայում պարտադիր է դիմակներ կրել հասարակական տրանսպորտում: Այս պայմանին չհետեւողները տուգանվում են 250 եվրոյի չափով: Դիմակ կրելը պարտադիր է նաեւ փակ տարածքներում, որտեղ չի պահպանվում հեռավորություն:

Չափազանց խիստ տույժեր են նախատեսված Ավստրիայում: Այստեղ դիմակներ կրել պարտադիր է խանութներում, դեղատներում, հասրակական տրանսպորոտւմ, հասարակական ծառայություններ մատուցող բոլոր այն վայրերում, ուր հնարավոր չէ հեռավորություն պահպանել, օրինակ՝ վարսավիրանոցներում: Օրենքը խախտողներին սպառնում է մինչեւ 3,6 հազար եվրո տուգանք, իսկ ընկերությունները, որոնց աշխատակիցները չեն հետեւի կարգին, ստիպված են լինելու վճարել մոտ 30 հազար եվրո տուգանք:

Դիմակներ կրել պարտադիր է նաեւ Լեհաստանում: Հիմանական թիրախում նույն՝ վարակման առումով առավել խոցելի վայրերն են, խանութները, եկեղեցիները, տրանսպորտը: Առանց դիմակի քաղաքացիներին լեհական ոստիկանությունը կարող է տուգանել մոտ 500 զլոտի (110 եվրո):

Բավական փոքր տուգանքներ են սահմանված Վրաստանում, որի բնակչությունը համավարակի ընթացքում աչքի ընկավ առանձնակի կարգապահությամբ՝ անգամ առանց խիստ տուգանքների: Դիմակների կրման կարգին չհետեւելու համար այստեղ տուգանքը 20 լարի (6 դոլար)է կազմում: Կարանտինային սահմանափակումների այլ տեսակների խախտումների տուգանքներն առավել խիստ են, օրինակ՝ չթույլատրված թվով հավաքված խմբի ամեն անամ կարող է տուգանվել  մոտ 2 հազար լարիով (666 դոլար):

Արաբական Միացյալ Էմիրությունների ամենամեծ քաղաքում՝ Դուբայում առանց դիմակների շրջողները տուգանվում են 821 դոլարի չափով, տույժը վերաբերում է նաեւ զբոսաշրջիկներին, այդ թվում՝ լողափերում հանգստացողներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում