Կոնսերվատորիան 100 տարեկան է. կայացել է հոբելյանական գլխավոր միջոցառումը
Հայաստանի միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2021 թվականին նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս տարի բուհում կայացած բոլոր միջոցառումները նվիրված են հոբելյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել գլխավոր միջոցառումը. թատրոնի VIP սրահում կայացել է հոբելյանական նամականիշի մարման արարողությունը, որին անմիջապես հաջորդել է գալա համերգը։
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշ՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյակին: Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, Հայաստանի ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Մինչ մարման արարողությունը, կողմերը հանդես են եկել շնորհավորական խոսքով՝ Կոնսերվատորիայի 100-ամյակի կապակցությամբ, և կարևորել հոբելյանի շրջանակում նամականիշի մարման և շրջանառության նախաձեռնությունը:
«ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով՝ նամականիշն աշխարհին կպատմի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մշակութային ավանդի և հայկական մշակույթի մասին: Նշենք, որ նամականիշի վրա պատկերված են Կոնսերվատորիայի շենքի ճակատը և բուհի դիմացի պուրակում գտնվող Կոմիտասի արձանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ հպարտություն է ունենալ այսպիսի երաժշտական բուհ, որի շրջանավարտները Հայաստանը պատվով ներկայացնում են աշխարհին և հանրահռչակում մեր հայրենիքն ու մշակույթը. «Այս խորհրդանշական նամականիշը, որն այսօր մարվում է, թող լինի ավելի մեծ ձեռքբերումների սկիզբը»:
ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը բուհին մաղթել է նորանոր հաջողություններ, իսկ նամականիշի մարման վերաբերյալ նշել է, որ պատմական և նյութական արժեք լինելուց զատ՝ այն յուրատեսակ հանրագիտարան է նշանավոր մարդկանց, իրադարձությունների և մշակույթի մասին, ինչպես նաև քարոզչական միջոց՝ իրեղեն և հոգևոր արժեքներն աշխարհին ներկայացնելու համար:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պետական վերաբերմունքի համար և ասել. «Երաժշտությունը խոսում է աշխարհի բոլոր լեզուներով: Չնայած բոլոր խնդիրներին՝ Կոնսերվատորիան պահպանել է իր դիմագիծը: Այսօր մենք պատմական ընթացք ենք տալիս գործին, շարունակում ենք 100 տարի առաջ սկիզբ առած շղթան, դեռ բազում սերունդներ են կրթվելու և ներկայանալու աշխարհին»:
Նամականիշի մարման արարողությանը հաջորդել է 100-ամյակին նվիրված գալա համերգը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Կարեն Թռչունյանը:
Համերգն իր շուրջը համախմբել է նաև բուհի՝ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողներին, զոհված ուսանողների ծնողներին, բուհի նախկին ռեկտորներին, անվանի պետական, հասարակական գործիչների, արվեստագետների, դիվանագիտական ներկայացուցիչների, կոնսերվատորիայի գործընկեր կազմակերպություններին, մշակութային հաստատությունների և բուհերի ղեկավարներին։
Միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը՝ նվիրված Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 100-ամյակին: Ուղերձում մասնավորապես ասվում էր. «Երաժշտարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, դասախոսնե՛ր, ուսանողնե՛ր, արդեն մեկ դար է՝ աշխարհը հաղորդակից է հայ երգարվեստին, ճանաչում և վայելում է հայկական երաժշտական գործիքների՝ մեր դարավոր մշակույթը հավերժացնող ստեղծագործությունները, արդեն մեկ դար է՝ բուհի ուսանողներն ու շրջանավարտները համաշխարհային տարբեր բեմերում նվաճում են հանդիսատեսի սիրտը: Եվ հպարտորեն պետք է ընդգծել, որ Կոնսերվատորիան, որպես երաժշտարվեստը կատարելագործող բուհ, տարբեր ժամանակներում հռչակավոր անուններ է տվել ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի համար. Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Ավետ Տերտերյան, Տիգրան Մանսուրյան, Վաչե Շարաֆյան, Լուսինե Զաքարյան... Եվ անվերջ կարելի է թվարկել այս շարքը, որը մի վառ աստղաբույլ է երաժշտական երկնակամարում:
Շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ Կոնսերվատորիայում սովորած բոլոր սերունդներին, այսօրվա սաներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Մաղթում եմ ազատ ստեղծագործական հնարավորություններ, անսպառ ուժ ու եռանդ, երաժշտության կախարդական աշխարհում ճախրելու բերկրանք: Առո՛ղջ եղեք, և թող հայ երգն ու երաժշտությունը հավերժանան նաև ձեզով, ձեր հուգու և մտքի թռիչքներով»:
Հանդիսավոր արարողության շրջանակում Արցախյան վերջին պատերազմին մասնակցած ուսանողներին, բուհի նախկին ռեկտորներին՝ Տիգրան Մանսուրյանին, Սերգեյ Սարաջյանին, Արմեն Սմբատյանին, Շահեն Շահինյանին և բուհի այս տարվա հոբելյարներին շնորհվել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հուշամեդալներ։ Հետմահու հուշամեդալներ են հանձնվել նաև զոհված ուսանողներին։
Կարծիքներ