«Ակունք» ազգագրական պետական համույթը 50 տարեկան է. տեղի կունենա հոբելյանական համերգ

«Ակունք» ազգագրական պետական համույթը 50 տարեկան է. տեղի կունենա հոբելյանական համերգ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգային երեկոն:

Հոբելյանական համերգի ծրագրում ընդգրկված են սիրված ստեղծագործություններ. կհնչեն առաջին գեղարվեստական ղեկավար Մարո Մուրադյանի և ներկա գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կողմից համույթի երկացանկ ներմուծած ստեղծագործությունները:

Երեկոյի ընթացքում բեմահարթակում կլինեն նաև 50 տարիների ընթացքում համույթի կազմում ստեղծագործական գործունեություն ծավալած տարբեր արտիստներ:

«Ակունք» ազգագրական համույթը ստեղծվել է 1974 թվականին հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի դուստր` բանահավաք, ազգագրագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Մարո Մուրադյանի կողմից: Համույթում ընդգրկված են Արևմտյան Հայաստանից՝ Մուշից, Վանից, Սասունից, Շատախից և այլ վայրերից 1915 թ. տեղահանված բնիկ հայերի առաջին կամ երկրորդ սերնդի շուրջ 25 անդամներ, որոնք շարունակում են հայ երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի գործը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում