Կբացվի Հարավային Ամերիկայի առաջին «Թումո» կենտրոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի կրթության նախարար Մարիա դե լաս Մերսեդես Միգելին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է Բուենոս Այրեսի կրթության նախարարին և կարևորել Հայաստանի և Արգենտինայի միջև առկա բարեկամական ու բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը, լավագույն փորձի փոխանակմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը: Այս համատեքստում նախարարը կարևորել է մասնավորապես հայաստանյան կրթական լավագույն բրենդներից մեկի՝ «Թումոյի» կրթական մոդելի տարածումն ու հասանելիությունը նաև Բուենոս Այրեսի պատանիների համար՝ շեշտելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ 2025 թվականին Բուենոս Այրեսում նախատեսվում է «Թումո» կենտրոնի հիմնում:
Բուենոս Այրեսում հիմնվող «Թումո» կենտրոնն առաջինն է Հարավային Ամերիկայում. այն շուրջ 3000 պատանու հնարավորություն կընձեռի ոչ ֆորմալ մասնագիտական կրթություն ստանալու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անիմացիան, խաղերի ստեղծումը, երաժշտությունը, ռոբոտաշինությունը, ֆիլմերի ստեղծումը, գրաֆիկական դիզայնը, 3D մոդելավորումը, ծրագրավորումը և այլն:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև արգենտինահայ համայնքի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Անդրադառնալով Բուենոս Այրես քաղաքի կրթության նախարարության հետ կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, նորարար լուծումների կիրառման բնագավառում փոխհամագործակցության, ուսումնական հաստատությունների միջև կապերի ընդլայնման հնարավորությունները:
Ժաննա Անդրեասյանը նաև ներկայացրել է ՀՀ-ում տեխնոլոգիական կրթության զարգացմանը միտված ծրագրերը, որոնք հետաքրքրություն են առաջացրել տարբեր միջազգային հարթակներում: Նախարարը անդրադարձել է ՀՀ դպրոցներում իրականացվող ռոբոտաշինության և ինժեներական «Արմաթ» լաբորատորիաներին, «ՔՈԱՖ» ոչ ֆորմալ կրթական կենտրոնին, ինչպես նաև 16 ավագ դպրոցներում 2023 թ. սեպտեմբերից մեկնարկած «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրերին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ այս տարվա սեպտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման փորձառությունը. ծրագիրը մեծ արձագանք է ստացել միջազգային գործընկերների շրջանում, որը փաստում է Հայաստանի ներուժը դպրոցական մակարդակում խորացված ԱԲ կրթության ներդրման և կրթական նորարարության առաջնորդման ասպարեզում:
Անդրադառնալով ՀՀ-ում կրթության բովանդակության բարելավման նպատակով հաստատված հանրակրթության պետական նոր չափորոշչին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2021-2022 ուսումնական տարվանից այն փորձնական ներդրվել է Տավուշի մարզի դպրոցներում, իսկ Համաշխարհային բանկի իրականացրած անկախ գնահատման զեկույցի համաձայն՝ նոր չափորոշչով սովորողների շրջանում երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել:
Բուենոս Այրես քաղաքի կրթության նախարար Մարիա դե լաս Մերսեդես Միգելը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության՝ նորարարական կրթության ջատագով լինելու նախաձեռնողականությունը: Նա ցանկություն է հայտնել ուսումնասիրել մեր երկրի փորձն այս ուղղությամբ: Մարիա դե լաս Մերսեդես Միգելը նշել է՝ Արգենտինայում ևս կրթական ակտիվ բարեփոխումներ են ընթանում, այդ թվում նախագծային ուսուցման ներդրման ուղղությամբ, որին կնպաստի նաև «Թումո» կրթական մոդելը:
Բուենոս Այրեսի կրթության նախարարը ողջունել է նաև Հայաստանի պատրաստակամությունը՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրին՝ ընդգծելով, որ աշակերտների բնագիտության և մաթեմատիկայի կարողությունների գնահատման տեսանկյունից այն կարևոր հարթակ է:
Ընդգծելով ԲՏՃՄ ուղղություններով կրթության կարևորությունը՝ Մարիա դե լաս Մերսեդես Միգելը նշել է կանանց ներգրավվածության բարձրացման հարցը՝ որպես մարտահրավերային խնդիր: ԿԳՄՍ նախարարը շեշտել է՝ Հայաստանում ևս այն առանձին քաղաքականության թիրախ է:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նախադպրոցական կրթության ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորություններին, ուսուցիչների և սովորողների կարողությունների զարգացմանը միտված ծրագրերին: Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարծիքներ