Մոսկվայում այսօր տեղի կունենա Միրզոյան-Բայրամով-Լավրով հանդիպում
Այսօր Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և երկկողմ բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ ԱԳՆ ղեկավարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացիայի ու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ին եռակողմ պայմանավորվածությունների կատարման ուղիները։
Նշվում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, չլուծված հարցերի լուծումների որոնմանը, որին Ռուսաստանը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել։ Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային ուղիները, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումներն ու խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը։
Տեղեկացվում է նաև, որ Բայրամովի և Միրզոյանի հետ երկկողմ զրույցների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական օրակարգի արդիական հարցերը քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում։
Կարծիքներ