Որ մակերևույթներին է գրիպի վիրուսն առավել երկար գոյատևում

Որ մակերևույթներին է գրիպի վիրուսն առավել երկար գոյատևում

Վիրուսներն ու բակտերիաները հաճախ են դառնում վարակիչ հիվանդությունների պատճառ, ուստի դրանց ակտիվ տարածման դեմ պայքարելը շատ կարևոր է։ Վիրուսները հատկապես տարածված են լինում տարվա ցուրտ եղանակներին, ինչի հետևանքով էլ վարակման հավանականությունն այդ շրջանում մեծանում է։ 

Նման ախտածին տարրերից առավել տարածված ու վտանգավոր կարող է լինել գրիպի վիրուսը, որը կարող է փոխանցվել անգամ ձեռքսեղմումի կամ ախտահարված մակերևույթին դիպչելու հետևանքով, ուստի շատ կարևոր է իմանալ, թե որ մակերևույթներին է վիրուսն առավել երկար գոյատևում։

Պինդ մակերևույթներ

Գրիպի վիրուսն առավել երկար գոյատևում է պինդ մակերևույթներին։ Գիտնականների խոսքով՝ չժանգոտվող պողպատի կամ պլաստիկի վրա այս վիրուսը կարող է ապրել 24-48 ժամ, ինչը նշանակում է, որ այն առարկաները, որոնց մարդիկ օրվա ընթացքում շատ հաճախ են դիպչում, կարող են բավական երկար ժամանակ վարակված լինել ու տարածել հիվանդության հարուցիչները։

Կտորեղեն

Կտորեղենի վրա այս վիրուսն ավելի քիչ է գոյատևում, քան պինդ մակերևույթներին, սակայն այնուամենայնիվ դրանք ևս կարող են վարակման աղբյուր լինել։ Գիտնականները չեն կարող ասել, թե ինչու են այս միկրոօրգանիզմներն ավելի արագ ոչնչանում կտորների վրա, սակայն ենթադրվում է, որ դա պայմանավորված է նյութի ծակոտկեն կառուցվածքով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կտորների վրա գրիպի վիրուսը կարող է գոյատևել ընդամենը 8-12 ժամ։

Մաշկ

2008 թվականին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ գրիպի վիրուսը մարդու մաշկին ապրում է ընդամենը հինգ րոպե, ինչը պայմանավորված է նրանով, որ այս օրգանն ունի պաշտպանական գործառույթներ ու նյութեր, որոնք վերացնում են մանրէներն ու վիրուսները։ Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ լորձով պատվելու դեպքում վիրուսն ավելի երկար է գոյատևում, ինչը նշանակում է, որ փռշտալիս քիթն ու բերանը ձեռքով փակելը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան ձեռքով որևէ աղտոտված մակերևույթին դիպչելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում