Տոկաևը Փաշինյանին պարգևատրել է «Ոսկե արծիվ» բարձրագույն պետական շքանշանով. կստորագրվի պատմական փաստաթուղթ
Տոկաևը Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է «Ոսկե արծիվ» բարձրագույն պետական շքանշանով։
Մինչ այդ, բանակցությունների ժամանակ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ կստորագրվի պատմական փաստաթուղթ, որը Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։
Տոկաևը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ղազախստան այցելելու համար՝ նշելով, որ այցն ունի առանձնահատուկ և պատմական կարևորություն:
«Մեծարգո՛ պարոն վարչապետ, դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ, հեռատես առաջնորդ և քաղաքական գործիչ:
Հաշվի առնելով ձեր դերը՝ այսօր ես մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևով եմ պարգևատրել: Այս քայլը նշան է մեր երկրների միջև բարեկամության, ինչպես նաև վկայում է այն մասին, որ մենք ձգտում ենք հետագայում նույնպես խորացնել մեր փոխադարձ կապերը»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Նշենք՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական փողոցներից մեկը անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվամբ:


Կարծիքներ