Կապսի ջրամբարի գործարկմամբ կբարելավվի հողատարածքների ջրապահովվածությունը Շիրակի մարզում

Կապսի ջրամբարի գործարկմամբ կբարելավվի հողատարածքների ջրապահովվածությունը Շիրակի մարզում

 Կապսի ջրամբարի մրցութային փաթեթի կազմման աշխատանքները ավարտվել են, և 2021թ․նոյեմբերի 1-ին մեկնարկել է մրցութային գործընթացը, որի վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. հունվարի 10-ը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ մրցույթի առաջարկների ներկայացման հրավերներն ուղարկվել են նախաորակավորում անցած մի քանի կազմակերպության՝ ՀՁ «Shanxi Construction Investment Group» («SCIG», ՀՁ գլխավոր գործընկեր, Չինաստան) և «SHANXI Hydrologic Construction Bureau» («SHECB», Չինաստան), ինչպես նաև ՀՁ «Dongfang Electric International Corporation» («DECI», ՀՁ գլխավոր գործընկեր, Չինաստան) և «China Road and Bridge Corporation» («CRBC», Չինաստան):

Պատվիրատուի կողմից 2021թ. նոյեմբերի 22-ին կազմակերպվել է մրցույթի մասնակից կազմակերպությունների դաշտային այցելություն Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման տարածք, որին մասնակցել են նաև նախագծման թիմի ներկայացուցիչները։ Այցի ընթացքում մրցույթի  մասնակիցներին ներկայացվել են պատվարի, ոռոգման և շինարարական թունելների առկա վիճակը, հանքերի տեղադիրքը։

Տարածքի ուսումնասիրության հաջորդ օրը՝ նոյեմբերի 23-ին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղ» գրասենյակում տեղի է ունեցել նախամրցութային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերը։

Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 22 կմ դեպի հյուսիս՝  Ախուրյանի գետահովտում: Առաջին  փուլով նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն խմ ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60 մլն խմ-ի :

Կապսի ջրամբարի կառուցման «Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում /Ախուրյան գետ, փուլ 1» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի վերականգման վարկերի բանկի (KFW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 50 մլն եվրո։  Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունիսի 29-ին է՝ մասհանման վերջնաժամկետը սահմանվել է  2019 թվականի դեկտեմբերի 30-ը, որը երկարացվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Ծրագրով նախատեսվում է կառուցել Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքներ, վերազինել Ախուրյան գետի հիդրոլոգիական դիտակետերը, կառուցել լրացուցիչ կայաններ և ստեղծել տվյալների կենտրոնացված բազա:  Նշվում է, որ անավարտ պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցումն առաջին հերթին կապահովի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը, կբարձրացնի Շիրակի մայր (12 325 հա) և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովվածության մակարդակը։ Դրանից բացի, հնարավորություն կստեղծվի շուրջ 2 280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանոնավոր ոռոգման արդյունքում  կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, ջրաչափության հուսալի համակարգի տեղադրման արդյունքում էլ կբարձրանա  կառավարման և մոնիտորինգի մակարդակը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում