«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը երեխաներին տեղափոխել է գրքերի, ընթերցանության և եվրոպական գրականության աշխարհ

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը երեխաներին տեղափոխել է գրքերի, ընթերցանության և եվրոպական գրականության աշխարհ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Սպիտակի քաղաքային գրադարանում շարունակվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է մանկական գրադարանի տարածած հաղորդագրությունից, գրադարանում հավաքվել են գրքասեր և արվեստասեր մանուկներն ու պատանիները, ովքեր ծրագրի շնորհիվ տեղափոխվել են գրքերի, ընթերցանության և գրականության աշխարհ:

Ծրագրի աշխատանքներին հետևել և ճամբարի կրթամշակութային առօրյային ներկա է եղել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

Ճամբարի երկրորդ օրը երեխաներն ունկնդրել են «Արծիվը աղավնաբնում» անգլիական ժողովրդական հեքիաթը: Երեխաների խոսքով` այս ստեղծագործության ընթերցումն իրենց հնարավորություն է տվել բացահայտել նոր աշխարհներ, իսկ ապագայի շուրջ երազանքները` դարձրել ավելի վառ ու իրական: Հեքիաթապատումը հիմք է դարձել նաև աշխույժ և հետաքրքրաշարժ քննարկումների համար:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները դասընթաց-հանդիպման շրջանակում երեխաներին ծանոթացրել են նաև Եվրոպական միության և Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գործունեությանը: Ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական առաքելությունը, խոսվել մշակութային ժառանգության արժեքների մասին:

Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանի աշխատակիցները ոգեշնչել են երեխաներին՝ խոսելով Եվրոպայի մշակութային ժառանգության, գրականության ու արվեստի միջոցով փոխանցվող գիտելիքների հարստության մասին։ Մշակութային ճամփորդության ընթացքում երեխաների ստացած գիտելիքներն ամրապնդվել են ներկայացված նյութերի շուրջ անցկացված վիկտորինայով:

Սպիտակի քաղաքային գրադարանում երեխաները շարունակել են նախորդ օրը մեկնարկած նկարչության վարպետության դասընթացը: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նկարիչ, գոբելենի և բատիկի վարպետ, մանկավարժ Սոնա Բանոյանի օգնությամբ երեխաներն արվեստի աշխարհում իրենց քայլերն են արել: Նոր հմտություններ ձեռք բերելով և յուրացնելով նկարչական խառը տեխնիկան, նրանք վառ գույներ են հաղորդել իրենց նկարչական աշխատանքներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում