ՄԱԿ-ը միլիարդատերերին կոչ է անում փրկել մարդկանց սովից
ՄԱԿ-ի` Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին կոչ է արել միլիարդատերերին փրկել շուրջ 30 միլիոն մարդու, ովքեր, նրա խոսքով, մահանալու վտանգի տակ են, եթե օգնություն չստանան, հայտնում է Reuters-ը:
Ըստ նրա` ամբողջ աշխարհում մոտ 270 միլիոն մարդ սովի եզրին է, իսկ Համաշխարհային պարենային ծրագիրը հույս ունի այս տարի ընգրկել 138 միլիոնին:
«Մեզ 4.9 միլիարդ դոլար է հարկավոր` տարեկան 30 միլիոն մարդ կերակրելու համար, ովքեր կմահանան առանց մեր օգնության»,- ասել է Բիսլին` նշելով, որ աշխարհում շուրջ 2000 միլիարդատեր կա, որոնց մաքուր կարողությունը 8 տրիլիոն է, եւ նրանցից ոմանք միլիարդներ են վաստակել համավարակի ընթացքում: «Ես դեմ չեմ, որ մարդիկ փող աշխատեն, բայց մարդկությունը բախվում է մեր հանդիպած ամենամեծ ճգնաժամին»,- ասել է նա:
Ամերիկայում միլիարդատերերի ընդհանուր կարողությունը կրճատվել է ավելի քան 19 տոկոսով կամ կես տրիլիոնով` ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր, նշվում է հունիսին Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (IPS) հրապարակած զեկույցում:
Մարտի 18-ից 11 շաբաթվա ընթացքում Amazon.com Inc-ի հիմնադիր Զեֆ Բեզոսի կարողությունն աճել է մոտ 36.2 միլիարդ դոլարով, իսկ Facebook Inc.-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգինը` 30.1 միլիարդ դոլարով: Tesla Inc.-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կարողությունը եւս աճել է 14.1 միլիարդ դոլարով:
«Ժամանակն է, որպեսզի առավելագույն հնարավորություններ ունեցողները քայլ առաջ կատարեն ՝ օգնելու ավելի քիչ հնարավորություններ ունեցողներին համաշխարհային պատմության այս արտասովոր ժամանակահատվածում,- ասել է Բիզլին:- Աշխարհն այս պահին մեր կարիքն ունի, եւ ժամանակն է ճիշտ վարվել»:
Կարծիքներ