ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ելույթ է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինքի 23-րդ համաժողովում

ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ելույթ է ունեցել Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինքի 23-րդ համաժողովում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Վիեննայում անցկացված Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինքի 23-րդ համաժողովին։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից կազմակերպված քննարկմանը ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Անդրադառնալով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ՀՀ որդեգրած քաղաքականությանն ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ Տաթևիկ Ստեփանյանն իր ելույթում նշել է, որ երևույթի դեմ պայքարը եղել ու շարունակում է մնալ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում։ Նախարարի տեղակալը շեշտել է, որ GRETA-ի առաջարկություններին ի պատասխան և Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային 7-րդ ծրագրին համահունչ՝ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ գործողություններ է իրականացնում 3 հիմնական ուղղություններով՝ իրավական դաշտի բարելավում, պաշտպանության և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում, իրազեկման արշավների ու դասընթացների կազմակերպում։

«Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համակարգողի գրասենյակին՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ դաշինքի 23-րդ համաժողովի հիանալի կազմակերպման համար:

Բռնի հակամարտություններն ու ավելացող անվստահությունը լուրջ վնաս են հասցրել միջազգային համագործակցությանը և տարբեր հանցագործությունների դեմ պայքարում համատեղ ջանքերին, ներառյալ՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, որն անդրազգային կազմակերպված հանցավորության ամենավտանգավոր ձևերից մեկն է և մարդու իրավունքների կոպիտ խախտումը։

Միաժամանակ, գիտակցելով ժամանակակից տեխնոլոգիաների առավելությունները, դրանց չարաշահումը ավելի է սրում իրավիճակը՝ ընդլայնելով մարդկանց թրաֆիքինգի հետ կապված սպառնալիքների և մարտահրավերների շրջանակը: Թրաֆիքինգի իրականացման հին մեթոդներն ու միջոցները լրացվում են նորերով։

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը եղել և մնում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում։ Հայաստանը հետևողական և համակարգված քայլեր է ձեռնարկում թրաֆիքինգի դեմ արդյունավետ քաղաքականություն մշակելու համար, այդ թվում՝ կանոնավոր վերանայումների և տիրող իրավիճակը ստուգումների ենթարկելու միջոցով:

Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի համապարփակ միջգերատեսչական մոտեցումն ու ազգային մեխանիզմը, որը մեկնարկել է դեռևս 2002 թվականին, հիմնված է եղել շահագործման և չարաշահման նպատակով Հայաստանից մարդկանց փոխադրման, տեղափոխման և վաճառքի (թրաֆիքինգի) կանխարգելման հայեցակարգի վրա։ ՀՀ կառավարությունն իր եռամյա ազգային ծրագրում, որն ընդունվել է այս տարվա սկզբին, առաջնահերթություն է տալիս առավել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, պոտենցիալ զոհերի բացահայտմանը, ինչպես նաև աջակցության կատարելագործմանն ու պաշտպանության մեխանիզմների հստակեցմանը: 2020 թվականից ի վեր ՀՀ կառավարության առաջնահերթությունները զգալիորեն ընդլայնվել են՝ ներառելով 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուժի կիրառումից և դրանից հետո ՀՀ դեմ ագրեսիայի գործողություններից տուժած բնակչությանը հոգեկան և ֆիզիկական օգնություն տրամադրող աջակցության մեխանիզմների ստեղծումը։ Աջակցություն է ցուցաբերվում հատկապես խոցելի խմբերին, ինչպիսիք են՝ երեխաները, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք, բռնի տեղահանված բնակչությունը՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը դարձնելով ավելի ընդգրկուն և համապարփակ: Որդեգրված ազգային քաղաքականության շրջանակում Հայաստանը ստանձնել է պատշաճ գործելու պատասխանատվությունը թրաֆիքինգի մեղավորներին կանխելու, հետաքննելու և պատժելու, ինչպես նաև զոհերին պաշտպանելու և աջակցելու ուղղությամբ։

Թույլ տվեք նաև գործընկերների ուշադրությունը հրավիրել մարդկանց թրաֆիքինգի ևս մեկ կարևոր կողմի վրա, որը շարունակում է անտեսվել․ այն կապված է մարդկանց թրաֆիքինգի և բռնի անհետացման հետ։ Խոսքս, մասնավորապես՝ զինված հակամարտությունների մասին է՝ ռազմագերիների վերաբերյալ, ինչը մեր տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների համատեքստում առանձնահատուկ արդիական և հրատապ է իմ երկրի համար։

Հայաստանը նաև համագործակցում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետների խմբի (ԳՐԵՏԱ) հետ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում: 2021 թվականին Հայաստան կատարած իր վերջին մոնիտորինգային այցից հետո ԳՐԵՏԱ-ն հրապարակեց իր զեկույցը Հայաստանի մասին, որտեղ օրենսդրական և քաղաքական դաշտի բարելավումների ճանաչման հետ մեկտեղ ԳՐԵՏԱ -ն կենտրոնացավ մարդկանց թրաֆիքինգի զոհերի՝ արդարադատության և արդյունավետ պաշտպանության հասանելիության վրա: ԳՐԵՏԱ-ն ողջունել է նաև ՀՀ ոստիկանության և Քննչական կոմիտեի կազմում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասնագիտացված կառույցների առկայությունը։

ԳՐԵՏԱ-ի առաջարկություններին ի պատասխան և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ազգային քաղաքականությանը համահունչ Հայաստանի կառավարությունը գործողություններ է իրականացնում հիմնականում 3 հիմնական ուղղություններով՝

․ օրենսդրական դաշտի կարգավորման բարելավում,

․ պաշտպանության և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացում,

․ իրազեկման արշավների և դասընթացների կազմակերպում։

Օրենսդրական դաշտի կարգավորման նպատակով՝ մշտապես իրականացվում են մի շարք օրենսդրական բարեփոխումներ, որոնց հիմնական նպատակը ՀՀ ազգային ​​օրենսդրությունը միջազգային չափանիշներին մոտեցնելն է։ Այս առումով, ելնելով ԱՄԿ «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» թիվ 29 հիմնարար կոնվենցիայի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջներից՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանվել է «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» հասկացությունը, ինչպես նաև պարտադիր կամ հարկադիր չհամարվող աշխատանքի շրջանակը: Բացի այդ, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ նոր Քրեական օրենսգիրքը, որտեղ հստակ սահմանված է «շահագործում» եզրույթը։

Պաշտպանության և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման շրջանակում գրեթե կրկնապատկվել է տուժածների սոցիալական աջակցության և պաշտպանության ծրագրերի իրականացման բյուջեն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակման ծառայության միջոցով իրականացվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման և սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը։ Ծրագիրը տուժողներին տրամադրում է ողջ անհրաժեշտ աջակցությունը, ներառյալ՝ կանխիկ դրամական օգնությունը:

Իրազեկման արշավների և դասընթացների իրականացման շրջանակում ՀՀ կառավարությունն իրազեկման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում։ Մասնավորապես՝ 2 տարի առաջ ՀՀ-ն միացել է «Կապույտ սիրտ արշավին»՝ նախաձեռնելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման իրազեկում և կանխարգելում» տեղեկատվական արշավը։ Քարոզարշավը մեկնարկում է հուլիսին և շարունակվում մինչև դեկտեմբերի 2-ը՝ Ստրկության վերացման միջազգային օրը։ Բնակչության հետ անմիջական շփման մեջ գտնվող պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և կառույցների աշխատակիցների, այդ թվում՝ առողջապահության և արդարադատության համակարգի ներկայացուցիչների կարողությունները զարգացնելու նպատակով շարունակական վերապատրաստումներ են իրականացվում թրաֆիքինգի հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Երկրում գործում են նաև 24/7 թեժ գծեր, որոնք հնարավորություն են տալիս արձանագրել մարդկանց թրաֆիքինգի դեպքերը։

Հարգելի՛ նախագահող,

Թույլ տվեք եզրափակել՝ ևս մեկ անգամ ընդգծելով միջազգային համագործակցության և կոլեկտիվ ջանքերի կարևորությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում։ Հայաստանը պատրաստ է հետագայում էլ նպաստել մարդկանց թրաֆիքինգի հանցագործության դեմ գլոբալ պայքարին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում