ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել մարտերում զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների ազատմանը

ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել մարտերում զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների ազատմանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ողջունում է սրացող Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և մշտապես պատրաստ է, չեզոք միջնորդի իր դերի համաձայն, աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։ Այս մասին տեղեկացրին ԿՊՄԿ-ի արտաքին կապերի բաժնից։

««ԿԽՄԿ-ն ամբողջ աշխարհի հակամարտություններում որպես չեզոք միջնորդ հանդես գալու երկար պատմություն ունի, և լիահույս ենք, որ այս գործողությունն արագ կիրականացվի, որպեսզի մարտական գործողություններում զոհվածների աճյունները վերադարձվեն իրենց հարազատներին՝ արժանապատվորեն սգալու համար»,- նշել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը։ - «Մենք նաև պատրաստ ենք աջակցելու հակամարտության կողմերի հսկողության ներքո ներկայումս գտնվող ազատազրկվածների ազատմանը, որպեսզի նրանք կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ»։

Սեպտեմբերի վերջին հակամարտության սրացմանը զուգընթաց՝ ԿԽՄԿ-ն մարդասիրական կարիքներին արձագանքելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու իր ծառայություններն է առաջարկել կողմերին։ ԿԽՄԿ-ն չի ներգրավվում քաղաքական բանակցությունների մեջ։

Զինված ընդհարումը կարգավորող միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավորություն ունեն դուրս բերելու և տարհանելու մահացածներին՝ առանց որևէ կողմում կռված լինելու հիմքով խտրականության։ ԿԽՄԿ-ն պատրաստ է տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու կողմերին, որպեսզի մահացածները նույնականացվեն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, և ապա աջակցելու աճյունների վերադարձին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում