Ամփոփվել են հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերաորակավորման վարժանքի արդյունքները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանի գլխավորությամբ ապրիլի 28-ին տեղի է ունեցել հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի նախնական վերաորակավորման վարժանքի արդյունքների ամփոփումը: Քննարկմանը ներկա են եղել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությունը և ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների աշխատակիցները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ապրիլի 26-27-ն իրականացված նախնական վարժանքը հնարավորություն է տվել ստուգել հայկական ՔՈՓ թիմի կարողությունների համապատասխանությունը միջազգային չափանիշներին և դրա հիման վրա հնարավորություն ստանալ 2022 թվականի սեպտեմբերի 1-4-ը մասնակցել որոնողափրկարարական վերաորակավորմանը:
«Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության հումանիտար աջակցության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոխորը և գործակալության մյուս անդամները բարձր գնահատեցին իրականացված աշխատանքը: Քննարկման ընթացքում մանրամասնորեն ներկայացվեցին բացթողումները, արվեցին առաջարկություններ հետագայում դրանք ուղղելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Դեյվիդ Սոխորը նշել է, որ կան տեխնիկական խնդիրներ, որոնք շտկման կարիք ունեն, սակայն դրանք ազդեցություն չունեցան ընդհանուր գործընթացի վրա:
ՓԾ տնօրենի տեղակալն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և վստահեցրել, որ հաշվի կառնվեն բոլոր նկատառումները և կվերացվեն թերությունները:
Կարծիքներ