Ահռելի մեծ օրեր ենք ապրում մեր փխրուն ուսերի համար
Պատերազմի 27 օրն է եղբայրներիս: Երբեմն գրվում ենք, երբեմն խոսում, իրենք մեզ են ոգևորում, մենք՝ իրենց: Արդյո՞ք մենք հավատում ենք իրար: Անվերջ լավ ենք, անվերջ ընտիր ա ամեն բան: Սպասում ենք, ակտիվ աղոթում անընդհատ: Մաման շարունակում ա ամեն օր հինգ հոգու համար ճաշ սարքել՝ հավատով, որ դուռը կթակեն հենց հիմա ու կգան:
Գառնիկն ասում ա՝ ալյուր ու ձու ուղարկեք, աչքիս ծնունդս էստեղ նշեմ: Ես վստահ եմ, որ տանն ենք նշելու բոլորով:
Էսօր իր ծնունդն ա, ու կեսգիշերին ոչ թե տանն ենք նշում՝ սովորույթի համաձայն, այլ նամակներ ենք գրում ճակատ, անտանելի պաթետիկ բառեր ասում իրար, ծեծված արտահայտություններ, որ սարսափելի տեղին են հնչում է՛ս պահին ու սարսափելի իսկական:
Մեկ ու մեջ չդիմանալը կարոտից, հեկեկալը փոքր երեխայի պես, երազում գրկել-բաց չթողնելը, մանթրայի պես կրկնելը՝ աստված իմ, հեռու, հեռու, հեռու տար վատ մտքերս, ականները բոլոր…
Վախենալը վատ մտքի թանձրացումից ակամա, ինքդ քեզ ու քո Աստծուն խոստանալը մի շարք բաներ՝ մինչև չգան էսինչ բանը չեմ անի, էսինչ բանը ամեն օր կանեմ, էս կգրեմ, էս չեմ գրի, էս կլռեմ, էս՝ չէ:
Մինչ էս վախենալը անորոշ մի բան էր: Հիմա վախերս հստակ են: Ցանկություններս՝ նույնպես: Ինֆլյացիայի ենթարկվածը բառերը՝ հայրենասիրություն, առողջություն, խաղաղ երկինք և այլն, թանկ են ու գիտակցված հիմա: Ու ինչ ստից էին առաջվա ատելու բաները, սերերը, հույզերը:
Հրաժարվելու համար աշխարհից առաջ ես պարզապես քնում էի, հիմա արթուն եմ մնում: Ահռելի մեծ օրեր ենք ապրում մեր փխրուն ուսերի համար: Ծնունդդ շնորհավոր, իմ բեյբի: Ոնց գնացել եք, նենց գաք: Ուրիշ բան ոնց որ թե չեմ ուզում:
Կարծիքներ