Թուրքիայի հետ բիզնես գործարքը Թրամփին ներքաշել է թուրքական քաղաքականություն՝ ստիպելով գործել անձնական և ոչ թե պետական շահերից ելնելով․ Mother Jones

Թուրքիայի հետ բիզնես գործարքը Թրամփին ներքաշել է թուրքական քաղաքականություն՝ ստիպելով գործել անձնական և ոչ թե պետական շահերից ելնելով․ Mother Jones

2015 թվականի դեկտեմբերին ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, որն այդ ժամանակ դեռևս նախագահի թեկնածու էր, հարցազրույցներից մեկի ժամանակ պատահաբար խոստովանեց, որ Թուրքիայի հարցում անձնական ու պետական շահերի ոչ մեծ բախում է առկա, գրում է ամերիկյան Mother Jones ամսագիրը։

Ինչպես նշում է հոդվածագիր Դեն Ֆրիդմանը, անցյալ ամիս The New York Times-ն իր հոդվածում բացաhայտել էր, որ Թրամփը «առնվազն 13 միլիոն դոլար (ավելի շատ, քան նախկինում հայտնի էր), իսկ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո՝ ավելի քան 1 միլիոն դոլար եկամուտ է ձեռք բերել 2008-ի գործարքից, որի համաձայն՝ Ստամբուլի երկու երկնաքերերը կրում են Trump Towers անունը։

«Այդ գործարքը Թրամփին ներքաշել է թուրքական քաղաքականության մեջ.շենքերը պատկանում են Թուրքիայի ավտորիտար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարուստ դաշնակցին։ Իսկ գործարարը, որն օգնում էր բանակցել այդ գործարքի շուրջ՝ Ալի Յալչինդագը, այժմ թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նախագահն է, որը The Times-ի հետ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ գործարքի կնքումից հետո «բարեկամական» հարաբերություններ են հաստատվել Թրամփի հետ»,- նշում է հոդվածագիրը։

Հոդվածագիրը բացահայտում է, որ կոռուպցիոն գործընթացներն ավելի ակնհայտ են դարձել օրերս The Times թերթի հրապարակումից հետո, որում նշվում է, որ Էրդողանի անձնական խնդրանքից հետո ԱՄՆ նախագահը և նրա կաբինետի անդամները ջանքեր են գործադրել դաշնային դատախազությունում թուրքական պետական բանկի կողմից պատժամիջոցների խախտման ենթադրյալ սխեմայի հետաքննությունը չեղարկելու համար։

Նրա խոսքով՝ դաշնային դատախազները պնդում էին, որ թուրքական Halkbank-ը խուսափել է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից և կարծում էր, որ այդ սխեման «օգնել է ֆինանսավորել իրանական միջուկային ծրագիրը»։

Մեջբերելով դասախոս Քեթլին Քլարկի խոսքերը՝ հոդվածագիրը նշում է, որ «Մենք բոլոր հիմքերն ունենք անհանգստանալու, որ Թրամփը արդարադատության նախարարությանը հանձնարարել է Էրդողանին տալ այն, ինչ վերջինս էր ցանկանում, և որ նա դա արել է ոչ թե հասարակական, այլ անձնական շահերից ելնելով»։

Ֆրիդմանը նշում է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը նույնպես բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի հետ հարաբերություններում Թրամփի անձնական, այլ ոչ թե ամերիկյան շահի առնչությամբ՝ նշելով, որ դա կարող է խաթարել արդարադատության աշխատանքը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին վերսկսված ռազմական գործողությունների հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ հոդվածագիրը նշում է, որ Թրամփն Էրդողանին հրապարակավ չի մեղադրել Ադրբեջանին զենք ու զինամթերք և այլ աջակցություն տրամադրելու համար, իսկ Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանը դիմադրում է հրադադարի հարցում ԱՄՆ-ի ջանքերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում