Գերիների հաստատված դեպքերի ամբողջական վերադարձի պայմանավորվածություն կա. Փաշինյան
Մենք ունենք գերիների հաստատված դեպքեր, և այդ հաստատված դեպքերի ամբողջական վերադարձի մասին կա պայմանավորվածություն։ Այս մասին այսօր Ազատությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք գիտենք՝ քանի հայ գերի կա Ադրբեջանում:
«Մենք ունենք նաև տեղեկատվություն մեր զինվորների և քաղաքացիական անձանց մասին, որոնք կարող են գերեվարված լինել: Գերիների հաստատված դեպքերի փոխանակումն ըստ էության ավարտում ենք, և հիմա պետք է շարունակենք պրոցեսը չհաստատված դեպքերի բացահայտման և վերադարձի շուրջ»,- նշել է նա:
Անդրադառնալով հայ զինվորների գերեվարման մասին վերջին տեղեկություններին՝ Փաշինյանը շեշտել է. դրանք վերաբերում են Խծաբերդ - Հին թաղեր հատվածին, որտեղ բավական լարված իրավիճակ է:
Նրա խոսքով՝ ԳՇ-ն, ՊՆ-ն, ՊԲ-ն ամբողջ գիշեր աշխատել են այդ իրավիճակը պարզաբանելու և շտկելու համար:
«Այո, այդ տեղեկությունը կա, բայց սա այդ նույն իրադարձության շրջանակում է: Այո, իրավիճակն այնտեղ բավական բարդ է, ինչը ավելի է բարդանում հաղորդակցության ուղիների դժվարանցանելիության բերումով, ՊԲ, ԳՇ, ՊՆ, ռուս խաղաղապահներն այս րոպեներին աշխատում են այդ իրավիճակը պարզաբանելու և շտկելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը:
Կարծիքներ