Ինչպես են հաշվարկվելու բնագիտական առարկաների և գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների նոր հավելավճարները․ պարզաբանում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե ինչպես են հաշվարկվելու բնագիտական առարկաների և գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների նոր հավելավճարները։
«Սեպտեմբերից ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար մեկ ժամի վարձատրությունը կհաշվարկվի 1,25 գործակցով կամ ամեն դասավանդած ժամի համար 25 տոկոսով ավել։
Ընդհանուր առմամբ, սա նշանակում է, որ այս առարկաների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 25 տոկոսով և սա՝ անկախ կամավոր ատեստավորումից։ Իսկ ով կամավոր ատեստավորված է և հաջող արդյունք ունի, բնականաբար, այդ 25 տոկոս աճը կկիրառվի 200 հազար դրամ դրույքաչափի վրա։
Սա կկիրառվի թե հիմնական դասավանդման դպրոցում, թե համատեղությամբ այլ դպրոցում աշխատանքի վրա։Ծրագրի շահառու են լինելու ավելի քան 8000 ուսուցիչներ։
Գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցներում բոլոր առարկաների ուսուցիչները, եթե օբյեկտիվորեն մի դրույքից պակաս ծանրաբեռնվածություն ունեն, կստանան հավելավճար, որը կլրացնի մեկ դրույքից պակասող մասը, օրինակ, եթե կես դրույք է ծանրաբեռնվածությունը, հավելավճարը կլինի կես դրույքի չափով։
Եթե ուսուցիչը բնագիտական առարկա է դասավանդում գյուղական փոքր դպրոցում, երկու ծրագրից էլ կօգտվի։ Ծրագրի շահառու են լինելու ավելի քան 4000 ուսուցիչներ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարարը։
Կարծիքներ