«Աջակցել թրաֆիքինգի յուրաքանչյուր զոհի՝ առանց բացառության»․ մեկնարկել է «Կապույտ սիրտ» տեղեկատվական արշավը
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հետ կապված երևույթների կանխարգելման, երևույթի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով՝ հուլիսի 30-ից մեկնարկել է «Կապույտ սիրտ» տեղեկատվական արշավը։
Ինչպես հայտնում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նախաձեռնության այս տարվա կարգախոսն է՝ «Աջակցել թրաֆիքինգի յուրաքանչյուր զոհի՝ առանց բացառության»։
ՀՀ-ում թրաֆիքինգի վերաբերյալ օրենսդրությունն առավելապես զոհակենտրոն է. թրաֆիքինգի զոհերի համար հասանելի է աջակցության ամբողջական փաթեթ։ Գործընթացը համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Հայաստանում անձին թրաֆիքինգի կամ շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ կարող է ճանաչել միայն Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը, որն առաջնորդվում է գործընթացը կանոնակարգող նույնացման ցուցիչներով։
Թրաֆիքինգի կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչվելուց հետո անձը կարող է օգտվել պետության կողմից տրամադրվող աջակցությունից, որը ներառում է կացարանի տրամադրում, բնաիրային օգնություն, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում, բժշկական օգնություն և սպասարկում, հոգեբանական օգնություն, խորհրդատվական օգնություն, իրավաբանական օգնություն, թարգմանչական ծառայությունների մատուցում, օրենքով սահմանված պարտադիր կրթության ապահովում, միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովում, աշխատանքի ապահովում, անվտանգ վերադարձի կազմակերպում, միանվագ դրամական փոխհատուցում։
Ի թիվս թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված այլ նախաձեռնությունների՝ 2021 թ․-ից Հայաստանում մեկնարկել է «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» եռամյա ծրագիրը, որի նպատակն է ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերումը, ուղղորդումը, նույնացումն ու աջակցությունը, նպաստել ոլորտը կարգավորող օրենսդրության ներդաշնակեցմանն ու բարելավմանը, նոր ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրմանն ու հզորացմանը, ինչպես նաև զարգացնել և կատարելագործել բնակչության, այդ թվում՝ առավել խոցելի խմբերի հետ առաջնային շփում ունեցող և անմիջական կապի մեջ գտնվող պետական իրավասու մարմինների ծառայողների մասնագիտական կարողությունները։ Ծրագիրն իրականացնում է «World Vision» Հայաստան բարեգործական կազմակերպության, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ների կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից։
«Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիան» «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի շրջանակում նույնացման ցուցիչների հիմա վրա մշակել է ինքնանույնացման թեսթ-հարցաշար, որի օգնությամբ ցանկացած մարդ կարող է ինքն իր համար պարզել՝ ինքը թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվո՞ւմ է, թե՞ ոչ։ Թեսթը հասանելի է www.antitrafficking.am կայքում և «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական հարթակ» ֆեյսբուքյան էջում։
21-րդ դարի սպիտակ ստրկությունը՝ թրաֆիքինգը, առկա է գրեթե յուրաքանչյուր երկրում: Ամեն տարի միլիոնավոր կանայք, տղամարդիկ ու երեխաներ են շահագործման ենթարկվում։ Նրանք ենթարկվում են սեռական և աշխատանքային շահագործման, ներգրավվում են հարկադիր ամուսնության, մուրացկանության ու օրգան-հյուսվածքների վաճառքի մեջ, ինչպես նաև շահագործման այլ դրսևորումներում։ Բայց միշտ հնարավոր է խուսափել թրաֆիքինգից՝ լինելով իրազեկ։
2013 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հուլիսի 30-ը հռչակվել է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր և «կապույտ Կապույտ սիրտ» տարբերանշանն ընտրել է որպես թրաֆիքինգի դեմ պայքարի գաղափարախոսության խորհրդանիշ և դրանով իսկ մեկնարկել է իրազեկման նույնանուն համաշխարհային արշավը: Հուլիսի 30-ը ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունել են որպես մարդկանց թրաֆիքինգի զոհերի իրավագիտակցության բարձրացման և իրավունքների պաշտպանության մասին իրազեկման օր:
2014 թվականին Արշավին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը։
Կարծիքներ